Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի անդամների այցը Ծիծեռնակաբերդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի նիստի մասնակիցները հունիսի 10-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին:
ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամներն անմար կրակի առջև ծաղիկներ զետեղեցին, ապա կատարվեց համատեղ հոգևոր արարողություն: Ներկաներն աղոթեցին Հայոց Ցեղասպանության ընթացքում զոհված հայորդիների, ինչպես նաև հույն և ասորի ժողովուրդների ցեղասպանության հետևանքով բոլոր նահատակվածների համար:
Քրիստոնեական տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչները իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված Մերձավոր Արևելքի երկներում, ի մասնավորի` Սիրիայում և Իրաքում, հակամարտությունների դադարեցման և շուտափույթ խաղաղության հաստատման, ինչպես նաև քրիստոնյաների անվտանգ կյանքի համար:
Ներկաներն աղոթեցին նաև 2013 թվականի ապրիլին Հալեպում առևանգված երկու եպիսկոպոսների` միտրոպոլիտ Մար Գրեգորիոս Իբրահիմի (Ասորի Ուղղափառ Եկեղեցի) և միտրոպոլիտ Պողոս Յազիգիի (Հույն Ուղղափառ Եկեղեցի) ապահով գերեդարձման համար:
Այնուհետև ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի մոդերատոր Դր. Ագնես Աբումն ընթերցեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի որդեգրած հռչակագիրը, որում ասվում է.
«Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեն, հյուընկալությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, հունիսի 8-13-ն իր ժողովն է գումարում այս երկրում` հարգելու Ցեղասպանության նահատակներին և զոհերին: Մենք այցելում ենք Հայոց Ցեղասպանության հուշահամալիր հիշելու նրանց և աղոթելու հարուցյալ Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Եվ մենք փառաբանում ենք հայ ժողովրդի կյանքը և Հայոց Եկեղեցու վկայությունը:
Գործադիր կոմիտեն վերհիշում է 2013 թ.-ին Բուսանում ԵՀԽ-ի 10-րդ համաժողովի կողմից Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով որդեգրված արձանագրությունը: 10-րդ hամաժողովի կողմից իրականացված այս կարևոր քայլը հաջորդեց բազում այլ առիթների, որոնցում ԵՀԽ-ի` «Եկեղեցիները միջազգային հարաբերությունների վերաբերյալ» կոմիտեն դեռևս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձաժողովի 1979 թ.-ի նիստին կոչ արեց ՄԱԿ-ին և անդամ պետություններին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: ԵՀԽ-ն տարիներ շարունակ կարևոր դերակատարություն է ունեցել` զորակցելով Հայոց Եկեղեցուն Ցեղասպանության մասին բարձրաձայնման ու ճանաչման և հայ ժողովրդի վրա ցեղասպանության շարունակվող ազդեցությանը պատշաճ արձագանքելու գործում:
1983 թ.-ին Վանկուվերում գումարված ԵՀԽ 6-րդ համաժողովին որդեգրված արձանագրությունը ճանաչեց, որ «Համաշխարհային համայնքի լռությունը և անգամ պատմական փաստերը ժխտելու միտումնավոր փորձերը դարձել են տառապանքի և աճող հուսահատության հաստատուն սկզբնաղբյուր հայ ժողովրդի, Հայոց Եկեղեցու և շատ ուրիշների համար»: Մինչ որոշները շարունակում են ջանքեր գործադրել` մերժելու կամ նվազեցնելու այս պատմական իրադարձությունները, Գործադիր կոմիտեն մեծապես քաջալերվել է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի կողմից 2015 թ.-ի ապրիլի 12-ին 1.5 միլիոն հայերի զանգվածային կոտորածի` որպես ցեղասպանություն հրապարակային ճանաչմամբ: Մենք շեշտում ենք, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի հիշատակելու Ցեղասպանության զոհերին` բուժելու այս պատմական վերքերը և ապագայում պաշտպանելու նմանատիպ վայրագությունների կրկնությունից:
ԵՀԽ-ն իր բազում անդամ Եկեղեցիների հետ միասին մասնակցել է 100-րդ տարելիցի մի քանի միջոցառումներին, ներառյալ` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական ոգեկոչմանը և նահատակների սրբադասմանը (ապրիլի 21-25-ը, Երևան, Հայաստան): ԵՀԽ-ն և նրա անդամ Եկեղեցիները կշարունակեն այս տարի մասնակցել շարունակվող հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումներին կազմակերպված Հայկական Սփյուռքի կողմից, ներառյալ` Հայ Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետ հուլիսի 18-19-ը Անթիլիասում, Բեյրութում: Գործադիր կոմիտեն իր շնորհակալությունն է հայտնում աշխարհով մեկ շատ անդամ Եկեղեցիներին և էկումենիկ գործընկերներին, որ դիտարկել են կամ կդիտարկեն 100-րդ տարելիցն իրենց իսկ համատեքստում և խոսել են հանուն Ցեղասպանության ճանաչման և նրա զոհերի ոգեկոչման: Հիշատակի այս արարողությունների միջոցով մենք ճանաչում ենք, որ այս ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել. և դրանք պետք է կոչվեն իրենց ճիշտ անունով:
Հայոց Ցեղասպանությունը նույն պատմական և քաղաքական համատեքստում ուղեկցվել է ցեղասպանական գործողություններով մյուս` արամեական, քաղդեական, ասորական, սիրիական և հունական ծագման համայնքների` մեծավ մասամբ քրիստոնյաների նկատմամբ, ինչն ախտահարել է 20-րդ դարասկզբի պատմությունը:
Այսպիսի իրադարձությունների մերժումը, անպատիժ թողնելը և մոռացության մատնելը խրախուսում է դրանց կրկնությունը: Նրանք, ովքեր մերժում են կամ ձեռք են բարձացնում քրոջ կամ եղբոր կյանքի և արժանապատվության վրա, քայքայում և ոչնչացնում են և՛ զոհի, և՛ իրենց մարդկային բնությունը: 100-րդ տարելիցի այս ոգեկոչումը պետք է հատկանշի ժամանակի լրումը, մինչ կառավարությունները ընդդիմանում են որպես ցեղասպանություն որակել այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ: Մենք հորդորում ենք բոլոր կառավարություններին հրաժարվել այս դիմադրությունից:
Հարյուրամյակի այս տարում մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, ԵՀԽ անդամ Եկեղեցիներին և հավատքի ու բարի կամքի տեր մարդկանց ոգեկոչելու և վերստին անդրադառնալու ցեղասպանությունների և մարդկության հանդեպ բոլոր հանցագործությունների կանխարգելմանը»:
Վերջում ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամները, ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, այցելեցին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: