ԵԿՄ նորընտիր վարչության այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

ԵԿՄ նորընտիր վարչության այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին 26.02.2014
ԵԿՄ նորընտիր վարչության այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

     Փետրվարի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երկրապահ կամավորականների միության նորընտիր վարչության անդամներին` ղեկավարությամբ միության նախագահ, ԱԺ պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի:
     Հանդիպման սկզբում ԵԿՄ նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համառոտ կերպով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ԵԿՄ անցած ուղին ու նպատակները: Մասնավորապես անդրադառնալով հայրենասիրական ոգու բարձրացմանը և ազատամարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ԵԿՄ ծրագրերին` տիար Մանվել Գրիգորյանը հայցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունը կառույցի տասներորդ հոբելյանական տարվա կապակցությամբ:
     Ողջունելով ԵԿՄ անդամներին` Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց նրանց` նախախնամական նկատելով Ս. Վարդանանց նահատակներին և Ս. Ղևոնդյանց քահանաներին նվիրված տոների շրջանում նրանց այցը Մայր Աթոռ: «Վարդանանց ոգին մեր պատմության բոլոր ճակատագրական պահերին իր պայծառ դրսևորումն է ունեցել մեր հայորդիների մեջ, երբ լծվել են Հայրենիքի պաշտպանության սրբազան գործին: Մենք առանձնացնում ենք Ավարայրի ճակատամարտը` այն համարժեքության բերելով Սարդարապատի և Արցախյան հերոսամարտերի հետ, որի կերտողները երկրապահ կամավորականներն են, ովքեր, Հայրենիքի կանչն արձանագրելով իրենց հոգում, ինքնաբուխ մեկնեցին պաշտպանելու և ազատագրելու Արցախ աշխարհը»: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում իր յուրաքանչյուր զինվորին, խոնարհում է բերում կամավորականներին և աղոթում բոլոր նրանց համար, ովքեր իրենց կյանքն ընծայաբերեցին հայոց պետականության անսասանության և հայ ժողովրդի խաղաղ ու անվրդով ապագայի համար:
     Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև այսօր Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին` նշելով, որ դժվարությունների հաղթահարման միակ ճանապարհն այն ոգին է, որ դրսևորվեց Արցախյան հերոսամարտում:
     Նորին Սրբությունը հորդորեց ԵԿՄ անդամներին շարունակել միության գործունեությամբ վառ պահել հայրենասիրության ու հայրենանվիրումի ոգին և փոխանցել այն երիտասարդ սերունդներին, որպեսզի միշտ անպարտ մնա Հայաստան աշխարհը:
     Հանդիպման ընթացքում որոշվեց Երկրապահի օրն առանձնահատուկ կերպով նշել Մայր Աթոռում` առիթ ընձեռելով երկրապահ կամավորականներին այցելելու Ս. Էջմիածին և նորոգելու Հայրենիքին կամավորաբար ծառայելու իրենց սրբազան ուխտը: