ԵԵԿ 13-րդ Ասամբլեան Լիոնում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակությունն իր մասնակցությունը կբերի հուլիսի 15-21-ը Լիոնում կայանալիք Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի «Քրիստոսով մեկ հույսի կոչվածները» թեմայով 13-րդ ասամբլեային: Ասամբլեայի ընթացքում կընթերցվի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության գիրը` ուղղված ԵԵԿ 13-րդ Ասամբլեայի մասնակիցներին:
Հուլիսի 19-ին` Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը, Լիոնի հայկական եկեղեցում ասամբլեայի մասնակիցների ներկայությամբ կմատուցվի սուրբ եւ անմահ պատարագ, իսկ հուլիսի 20-ին` ժողովի նիստից առաջ կկատարվի ժամերգություն` հայկական ծիսակարգով:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցում են Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը (Առաջնորդ Ֆրանսիայի Հայոց թեմի, պատվիրակության ղեկավար), Տ. Առեն վարդապետ Շահինյանը, Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը, Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը, Տ. Շահե աբեղա Անանյանը, Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, երեցկին Փոլա Դեւեջյանը, Անի Ղազարյանը (Լոզանի համալսարանի ուսանողուհի):
Հայ Եկեղեցու պատվիրակներն ընդգրկված են տարբեր հանձնախմբերում: Նրանք հանդես կգան զեկույցներով եւ տարբեր քննարկումների մոդերատորների հանգամանքով: