«Դիակոնիայի ուսուցում» համաժողովն ամփոփեց իր աշխատանքը
Օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած «Դիակոնիայի ուսուցում» համաժողովը նոյեմբերի 29-ին ամփոփեց իր արդիւնքները:
Երկրորդ օրուայ նիստերը նախագահեցին ԵՊՀ Աստուածաբանութեան ֆակուլտետի դեկան, Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշաւան եպիսկոպոս Ժամկոչեանը եւ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Արեւելեան Եւրոպայում Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայէլ արքեպիսկոպոս Մինասեանը:
Համաժողովի «Դիակոնիայ. ծխերի եւ համայնքների դերը» խորագիրը կրող երրորդ նիստին բանախօսութիւններով հանդէս եկան Մեծ Բրիտանիայից Վերապատուելի Ռոջեր Փրիսը («Եկեղեցին եւ նրա դերը համայնքի վերափոխման գործում») եւ Օքսֆորդի համալսարանից (Մեծ Բրիտանիա) դոկտոր Հրաչ սրկ. Չիլինգիրեանը («Ծուխը որպէս դիակոնիայի կենտրոն. հաւատն ու սպասաւորութիւնը գործողութեան մէջ»):
«Լաւագոյն օրինակներ, փորձի փոխանակում» խորագիրը կրող չորրորդ նիստին զեկոյցներ ներկայացրեցին Տ. Ռաֆայէլ արքեպիսկոպոս Մինասեանը («Ժամանակակից դիակոնիկ սպասաւորութիւնը Հայ Կաթողիկէ եկեղեցում եւ էկումենիկ համագործակցութիւնը») եւ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախօս Աննա Ոսկանեանը («Սոցիալական աշխատանքի ուսուցման փորձը Հայաստանում. զուգահեռներ սոցիալական դիակոնիայի ուսուցման հետ եւ համագործակցութեան հեռանկարներ»):
Երկօրեայ համաժողովը փակուեց Հայաստանեան «Կլոր սեղան» հիմնադրամի գործադիր տնօրէն դոկտոր Կարէն Նազարեանի ամփոփիչ խօսքով: Կ. Նազարեանը վերստին ընդգծեց դիակոնիայի ուսուցման անհրաժեշտութիւնը Հայաստանում եւ սպասաւորութեան այս ոլորտում առկայ փորձառութեան փոխանակման կարեւորութիւնը: Մասնակիցներն իրենց հերթին գոհունակութիւն յայտնեցին «Կլոր սեղան» հիմնադրամի եւ Գեւորգեան հոգեւոր ճեմարանի գործակցութեամբ կազմակերպուած համաժողովի առիթով` օգտակար եւ արդիական նկատելով արծարծուած խնդիրները:
Նոյն օրը համաժողովի մասնակիցներն այցելեցին Գեւորգեան հոգեւոր ճեմարան եւ հանդիպում ունեցան ուսանողութեան հետ: