«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (2-րդ օր)
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախաձեռնությամբ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի, սկսվեց «Դիակոնիայի ուսուցում» թեմայով երկօրյա համաժողովը, որին մասնակցում են եկեղեցականներ, աստվածաբաններ և մասնագետներ Հայաստանից, Եվրոպայից ու Կենտրոնական Ասիայից, ներկայացուցիչներ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից, ԵՊՀ սոցիոլոգիայի և աստվածաբանության ֆակուլտետներից, «Վորլդ վիժն» և «Ամքոր» կազմակերպություններից:
Համաժողովը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով: Այնուհետև ողջույնի խոսք ասացին Կլոր սեղանի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Ժողովի նիստերը նախագահեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Առաջին նիստին բանախոսություններով հանդես եկան Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը («Եկեղեցի, դպրոց և սոցիալական սպասավորություն»), Գևորգյան հոգևոր ճեմարանի Աստվածաբանության ամբիոնի վարիչ Հրաչ սարկավագ Սարգիսյանը («Աստվածաբանական կրթություն. տեսլականներ ու վերանայումներ» և «Դիակոնիայի ուսուցումը Գևորգյան հոգևոր ճեմարանում») և ԳՀԽ դասախոս Կամո Վարդանյանը («Դիակոնիկ աշխատանքի հոգեբանական կողմերը»):
Երկրորդ նիստին զեկույցներ ներկայացրեցին Ռուսական Կլոր սեղանի ղեկավար Մարգարիտա Նելյուբովան («Դիակոնիկ սպասավորությունը Ռուս Ուղղափառ եկեղեցում և էկումենիկ համագործակցությունը») և «Վորլդ վիժնի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրեհեմ Սթրոնգը («Զարգացման ու դիակոնիկ աշխատանքը «Վորլդ վիժնի» ծրագրերում»):
Նույն օրը համաժողովի մասնակիցներին ընդունեց և Հայրապետական իր օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Նորին Սրբությունն արդյունավետ աշխատանք մաղթեց համաժողովի աշխատանքներին և վստահություն հայտնեց, որ դիակոնիկ սպասավորության ոլորտում ձեռք բերված փորձառության փոխանակումը համաժողովի շրջանակներում և ձևավորվող փոխադարձ համագործակցությունը բարի արդյունքներ պիտի տան: