Դասախոսների մեծարման հանդիսություն Գեւորգյան հոգեւոր ճեմարանում

Մայիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Ճեմարանի նախկին տեսուչ, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասախոս Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանի, «Գրաբար» առարկայի դասախոս Պետրոս Բեդիրյանի եւ «Հոգեբանություն» առարկայի դասախոս Էլեոնորա Զաքարյանի մեծարման հանդիսությունը:

Ցերեկույթը բացվեց Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի խոսքով, ով անդրադարձավ մեծարյալների մանկավարժական գործունեությանը, անխոնջ ու նվիրյալ երկարամյա ծառայությանը Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: Տեսուչ Սրբազանը հանուն տեսչության եւ սաների ամենքի անհուն սերը եւ պատկառանքը հայտնեց մեծարյալներին:

Մեծարման խոսքով ելույթ ունեցավ տիար Պետրոս Հովհաննիսյանը` հանգամանորեն ներկայացնելով իր գործընկերներին եւ նրանց տարիների դասավանդման բեղուն գործունեությունը: Ճեմարանի սաների քառաձայն երգչախմբի ազգային եւ հոգեւոր երգերի կատարումներից եւ ճեմարանականների ասմունքից հետո, բուռն ծափողջույնների ներքո իրենց սրտի խոսքն ասացին մեծարյալները եւ շնորհակալական արտահայտությունների հետ մեկտեղ խորհրդածելով իրենց կյանքի ուղու մասին` սաներին փոխանցեցին իրենց խրատներն ու պատգամները: Տիկ. Զաքարյանը, բացառիկ պատիվ նկատելով Ճեմարանում դասավանդելը, երախտագիտություն հայտնեց Հայոց հայրապետին հրավերի համար, ապա անդրադարձավ 21-դարի հոգեւորականի կերպարին: Տիար Պետրոս Բեդիրյանը իր հերթին, ներկայացնելով իր կյանքի ուղին եւ ստեղծագործական ընթացքը, մասնավորաբար խոսեց իր կյանքի կարեւորագույն երեք սրբությունների` հավատի, հույսի եւ սիրո եւ դրանցով ապրելու անհրաժեշտության մասին: Իսկ խորհրդային տարիներին Գեւորգ Զ Չորեքչյան կաթողիկոսի ջանքերով վերաբացված Գեւորգյան ճեմարանի առաջին շրջանավարտներից Եղիշե ավագ քահանան, ում ծննդյան 80-ամյա հոբելյանն էր նաեւ նշվում այս հանդիսությամբ, ամենքին հաղորդ դարձրեց ճեմարանում իր ոսումնառության տարիների դժվարություններին, իր հոգեւոր սպասավորության փորձառությանը ` մասնավորաբար խոսելով Ճեմարանում իր տեսչության շրջանի եւ նվիրական այդ հաստատության կարեւորության մասին: «Հենց այս հաստատությունն է, որ կոչված է ազգային-եկեղեցական ասպարեզի համար հասցնելու ըստ ամենայնի կատարյալ պատրաստված եկեղեցականություն, որ վառ մնան հայ կյանքի մեջ ազգային, կրոնական զգացմունքները, որ ապագայի մեր եկեղեցականների գիտակցության եւ հոգու մեջ համազոր ընթանան եւ զորանան մարդասիրությունը, ազգասիրությունը եւ եկեղեցասիրությունը», - ասաց Տեր Եղիշեն` մաղթելով, որ Աստված միշտ շեն եւ հաջողակ պահի Գեւորգյան ճեմարանը:

Հանդիսության վերջում իր օրհնության եւ գնահատանքի խոսքն ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` անդրադառնալով ուսուցիչների առաքելությանը սերնդի կրթության եւ դաստիարակության գործում: Վեհափառ Հայրապետը նշեց, որ ճեմարանի համար պատիվ է եղել մեծարյալ դասախոսների ծառայությունը եւ ներկայությունը, ովքեր ուսուցանել են սաներին խղճի մտոք եւ պատասխանատվության բարձր զգացումով` գիտակցելով, որ կերտում են եկեղեցականների, ովքեր շարունակողը պիտի լինեն Տիրոջ առաքելության:

«Փառք ենք տալիս Աստծուն, որ հոգեւոր այս հաստատության ընտրյալ մանկավարժների շնչի ներքո աճել են արժանավոր սերունդներ եկեղեցականների, ովքեր հանձնառությամբ կատարել են իրենց ծառայական գործունեությունը մեր ազգային կյանքում եւ արթնացրել են մեր Եկեղեցու այս օրը, որոնց հաստատած հիմերի վրա պիտի կերտվեն լուսավոր նոր ժամանակները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ մեր ազգային կյանքի»,- նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:

Վերջում, մեծարյալներին մաղթելով Աստծո օրհնության ներքո քաջառողջ կյանքի երկար տարիներ, Նորին Սրբությունը պատգամեց, որ ճեմարանի մանկավարժների հոգածու խնամքի ներքո կրթված ու դաստիարակված ճեմարանականները միշտ երախտագիտությամբ հիշեն նրանց աշխատանքը, բերած ծառայությունը եւ վաստակը: