Դամասկոսի Ազգային Ս. Թարգմանչաց ճեմարանում զոհվածների համար հոգեհանգիստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Դամասկոսի Ազգային Ս. Թարգմանչաց ճեմարանում զոհվածների համար հոգեհանգիստ Մայր Աթոռ Ս.  Էջմիածնում 12.11.2013
Հոգեհանգիստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

      Նոյեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Վանական խորհրդի նիստի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծ ցավով անդրադարձավ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը, որի հետևանքով զոհվել են մարդիկ, այդ թվում երեխաներ:
     Նորին Սրբությունը խստորեն դատապարտեց կրթական հաստատության հանդեպ իրականացված հրեշավոր այս հանցագործությունը` անընդունելի նկատելով նաև այն, որ հակամարտության ընթացքում մասնավոր թիրախի տակ են առնվում քրիստոնեական համայնքները:
     Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի միջոցով իր վշտակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին ու հարազատներին` ընդգծելով, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը պիտի շարունակի իր զորակցությունը բերել սիրիահայությանը` հոգևորականաց դասին և ողջ ժողովրդին:
     Նոյեմբերի 17-ին, Մայր Տաճարում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի հոգեհանգստյան արարողություն զոհվածների հոգիների հանգստության համար, ինչպես նաև աղոթք կկատարվի Սիրայում խաղաղության վերահաստատման համար: