Գևորգյան հոգևոր ճեմարանն ընդլայնել է ուսումնասիրություններ կատարելու հնարավորությունները
Վերջերս, Գևորգյան հոգևոր ճեմարանին տրամադրվել է 30 նոր համակարգիչ և սարքավորում` նախատեսված սերտարանի և համակարգչային սենյակի համար: Համակարգչային սենյակի 11, իսկ սերտարանի 19 համակարգիչները, որոնք կապահովվեն ինտերնետ կապով և նորագույն ծրագրերով` ճեմարանին հնարավորություն կընձեռեն դառնալ ժամանակակից: Նվիրատվությունը կատարվել է տեր և տիկին Ջոն և Գայանե Փրիջյանների (Լոս Անջելես, Կալիֆորնիա) ազնիվ բարերարությամբ՝ ի պատիվ իրենց երեխաներ Լորիի և Անիիի: Բարերարները ապահովելու են նաև սարքավորումների տեխնիկական ծառայության և հետևողական աշխատանքների իրականացումը և այցելելու են Մայր Աթոռ Ս. Էջմիածին՝ վերահսկելու վերջնական կարգավորումների գործընթացը:
Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նշեց, որ համակարգչային սենյակը համալրելով` ավելի մեծ թվով սաներ հնարավորություն կունենան բարելավելու իրենց համակարգչային գիտելիքները: Ճեմարանի ուսումնական ծրագրում ներառված է նաև տարրական համակարգչային հմտությունների ուսուցում: Սերտարանում համակարգիչների թվի ավելացումն ուսանողներին ու շրջանավարտներին հնարավորություն կտա ուսումնասիրություններ կատարել ավարտաճառ գրելիս: «ճեմարանի սաների`ուսումնասիրություններ կատարելու հարավորություններն այսպիսով ընդլայնվում են, դա անհրաժեշտ է մեզ, քանի որ մենք պատրաստվում ենք ավելացնել ճեմարանի բաժինները, մշակում ենք ասպիրանտուրայի նոր ծրագիր»,- նշեց Գևորգ Սրբազանը: Նախատեսված է դրանք շահագործման հանձնել փետրվարի սկզբին` տեխնիկական կարգավորումներն ավարտելուց հետո: