Գևորգյան հոգևոր ճեմարանի 2014-2015 թթ. ուսումնական տարվա փակման հանդիսությունը Մայր Աթոռում
Հուլիսի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2014-2015 թթ. ուսումնական տարվա հանդիսավոր փակումը:
Միասնական Տերունական աղոթքից, Հայաստանի Հանրապետության և ճեմարանի օրհներգերից հետո 2014-2015 թթ. ուսումնական տարին ամփոփվեց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան ճեմարանի տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից:
Իր խոսքում Գևորգ Սրբազանն անդրադարձավ անցնող տարվա ընթացքում ճեմարանի մշակութային և քարոզչական, սոցիալական, գիտա-մանակավարժական գործունեությանը, տարբեր հոգևոր հաստատությունների և Ճեմարանի, ինչպես նաև միջբուհական համագործակցությանը, գրահրատարակչական հետազոտություններին և ՙՍերմնացան՚ մատենաշարի արձանագրած հաջողություններին:
Ճեմարանի նկատմամբ հայրական հոգածություն ցուցաբերելու համար շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` նա ասաց. «Այս լույսի ներքո Գևորգյան հոգևոր ճեմարանը հայ իրականութեան մեջ պետք է լինի նաև այն անմատույց ամրոցն ու լուսավոր փարոսը, որ անաղարտ կպահի հայագիտության դարավոր ավանդները և մշտավառ լուսավորչյան կանթեղը»:
Այնուհետև ասմունքով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի առանձին սաներ, իսկ երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի, կատարեց հոգևոր և ազգային երգեր:
Ցերեկույթը եզրափակվեց Գերաշնորհ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի խոսքով: Սրբազանը, ներկաներին փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, գնահատանք հայտնեց ճեմարանի տեսչական և դասախոսական անձնակազմի հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչներին անցնող տարում ներդրած ջանքերի և կատարած աշխատանքների համար: Սրբազանը խոսեց ճեմարանում ուսանած լուսեղեն կերպարների` հայ ժողովրդի նշանավոր մտավորականների մասին և ճեմարանականներին հորդորեց շարունակել նրանց ուղենշած ճանապարհը:
Դիմելով ճեմարանի 26 շրջանավարտ սարկավագներին` Տաթև արքեպիսկոպոսն անդրադարձավ նվիրյալ հոգևորականի կերպարին և մաղթեց, որ իրենց առաքելության ընթացքում Աստծո կողմից տրված շնորհները ծառայասիրության ոգով առատորեն բաշխեն մարդկանց:
Հանդիսությունը փակվեց «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով: