Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվեց ասպիրանտուրայի ուսուցման իրավունք

Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվեց ասպիրանտուրայի ուսուցման իրավունք 07.10.2016
Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվեց ասպիրանտուրայի ուսուցման իրավունք

Հոկտեմբերի 7-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ Կրթության ու գիտության նախարար տիար Լևոն Մկրտչյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան դահլիճում տեղի ունեցավ Ճեմարանին ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհման արարողությունը:
Արարողությունն սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեցին ՀՀ և Գևորգյան ճեմարանի օրհներգերը: Այնուհետև բացման խոսք ասաց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը` Ճեմարանի կրթական առաջընթացի տեսանկյունից մեծապես կարևորելով այս իրադարձությունը:
Արարողությանը ներկա ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ բ.գ.դ. Լիլիթ Արզումանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց Կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված` Գևորգյան ճեմարանում մասնագիտական խորհրդի կազմի տեղեկագիրը, գիտական մասնագիտությունների անվանացանկը և կանոնակարգերը:
«Շատ ուրախ եմ, որ կարող եմ մի փոքր նպաստ բերել այս արարողությանը և այս երևույթին: …Կարծում եմ, որ սա կնպաստի Գևորգյան հոգևոր ճեմարանի հետագա գործունեությանը և այն փառքին, որ նախկինում ունեցել է և պետք է ունենա մեր Գևորգյան ճեմարանը», - ասաց ԲՈՀ նախագահը:
Այնուհետև շնորհավորական խոսքով ներկաներին դիմեց ՀՀ Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Շնորհավորելով ամենքին Ճեմարանի կյանքում կարևոր այս ձեռքբերման առիթով` նախարարը մասնավորապես նշեց. «Մենք գտնվում ենք մի հաստատության պատերից ներս, որտեղ առաջիններից մեկը Հայաստանի Հանրապետության մեջ, մեր պատմական հայրենիքի այս փոքր հատվածում, սկսվեց մասնագիտական կրթության դասավանդումը: Եվ ես իմ երիտասարդության տարիներից հիշում եմ, թե նույնիսկ խորհրդային տարիների ժամանակ ինչ մեծ պատիվ էր այստեղ դասավանդելը: Ընտրյալներն էին գալիս այստեղ դասավանդելու և հպարտությամբ էին դա նշում, որվհետև այստեղ է, որ անթեղված է հայ տեսակի որակը»:
ԿԳ նախարարը փաստեց, որ ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհումով ճեմարանը դառնում է միջազգային մակարդակի հաստատություն, որն «Աստվածաբանություն» մասնագիտության մուտքով և մասնագիտական խորհրդի ձևավորմամբ կարևոր առաքելություն ունի իրականացնելու` ներկա աշխարհի պայմաններում` իբրև կրողը Հայոց Եկեղեցու դարավոր ժառանգության և արժեքների, իր ներդրումը բերելու աստվածաբանական նորօրյա զարգացումներում:
Պրն. Լևոն Մկրտչյանն այս առիթով շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին այն մեծ ուշադրության համար, որ Նորին Սրբության կողմից դարձվում է կրթությանը, գիտությանը և հայեցի դաստիարակությանը:
Ցերեկույթի ընթացքում ազգային երգերի կատարմամբ հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի:
Արարողությունը եզրափակվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:
«Մեր լուսամիտ, երանաշնորհ Գևորգ Դ Հայրապետի տեսիլքով ու անխոնջ ջանքերով հաստատվեց այս հոգևոր հաստատությունը` նպատակ հետապնդելով, որ եկեղեցական մեր կյանքում բարի ավանդույթները վերականգնվեն և այս հաստատությունից ներս կրթվեն, դաստիարակվեն արժանավոր եկեղեցականներ ու հայորդիներ: Այս հաստատության նշանաբանն էր` առաջին հերթին կրթել արժանավոր հայ մարդ, հայ անհատ և, միաժամանակ, պատրաստել արժանավոր հայ եկեղեցական:
Եվ այս հաստատությունն իր առաքելությունը փառքով ու պատվով իրականացրեց ազգային մեր կյանքում: Բազում մեծանուն մտավորականներ դուրս եկան այս հաստատությունից և իրենց կարևոր ծառայությունը բերեցին ազգային մեր կյանքին: Նաև` արժանավոր եկեղեցականներ, ովքեր եկան հոգևոր կյանքը պայծառացնելու, մեր ժողովրդի հավատքը լուսավորելու, նրա ընթացքը հավատարմության մեջ պահելու մեր հայրերի սրբազան հավատքին», - նշեց Հայոց Հայրապետը:
Աղոթքով հիշելով ճեմարանի ջահը մշտավառ պահած բոլոր երախտավորներին` Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ այսօր, Հայրենիքի անկախության պայմաններում, կրթօջախը նոր ուժգնությամբ է շարունակում իր առաքելությունը` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հասցնելով հոգևորականների արժանի սերունդ:
Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ ասպիրանտական կրթության իրավունքի շնորհումը Գևորգյան ճեմարանին ոչ միայն խրախույս պիտի լինի ճեմարանականների և եկեղեցականների համար, այլ նաև պատասխանատվության աստիճանի բարձրացում, որպեսզի ճեմարանի հարկից ներս կերտվի գիտնական հոգևորականների սերունդը` աստվածաբանական տարբեր ոլորտներում զորացնելու ու զարգացնելու հայ հոգևոր միտքը:
Նորին Սրբությունն այս նշանակալի իրադարձության առիթով իր գնահատանքը հայտնեց Կրթության և գիտության նախարարին Հայոց Եկեղեցուն ցուցաբերվող մշտական զորակցության համար, ինչպես նաև իր հայրապետական օրհնությունը բերեց ԲՈՀ նախագահ Լիլիթ Արզումանյանին և ՀՀ ԿԳՆ Լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց ճեմարանի տեսչությանն ու դասախոսներին Ճեմարանին ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար: Գարեգին Բ Հայրապետը հորդորեց ճեմարանի սաներին ամեն ջանք գործադրել` գիտնական եկեղեցականների տեսիլքի իրականացնողները դառնալու համար:
Վերջում «Պահպանիչ» աղոթքով Հայոց Հայրապետն օրհնեց ներկաներին:
Արարողությանը ներկա էին Գևորգյան ճեմարանի դասախոսներն ու սաները, այս օրերին Մայր Աթոռում ընթացող «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» միջազգային գիտաժողովի մասնակիցները: