Գրքի Շնորհանդես
Փետրվարի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հին ճեմարանի հանդիսությունների դահլիճում, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ «Վորլդ Վիժն» Հայաստան քրիստոնեական բարեգործական կազմակերպության համատեղ հրատարակած «Պատանիների աստվածաշնչային դասընթաց» ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկը հրատարակության են պատրաստել Տ. Պարույր քահանա Ավետիսյանը եւ Տ. Ղեւոնդ քահանա Մայիլյանը: «Պատանիների աստվածաշնչային դասընթաց» շարքը նախատեսված է կիրակնօրյա դպրոց հաճախող տարբեր տարիքի պատանիների համար, յուրաքանչյուր ձեռնարկն ընդգրկում է 36 դասեր:
Հանդիսությանը ողջույնի խոսք ասաց Հայ Առաքելական Եկեղեցու ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: Հայր Սուրբը ներկայացրեց ՔԴԿ գործունեությունը` մասնավորապես շեշտելով քրիստոնեական դաստիարակությանը միտված ծրագրերին: Հայր Վարդանը խիստ կարեւորեց նաեւ Ս. Գիրքը մանուկների եւ պատանիների համար մատչելի եւ հետաքրքրական դարձնող շարքի հրատարակությունը եւ շնորհակալություն հայտնեց «Վորլդ Վիժն» կազմակերպությանը համագործակցության համար:
Ապա «Վորլդ Վիժն»-ի Եկեղեցու եւ կառավարության հետ կապերի բաժնի ղեկավար Կարինե Հարությունյանը, «Պատանիների աստվածաշնչային դասընթաց» ծրագրի տարածաշրջանային ղեկավար Ջիմ Մորգենրոթը եւ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը ներկայացրեցին դասագրքերի պատմությունը, դրանց ուսուցման մեթոդաբանությունը եւ հեռանկարները: Այնուհետեւ «Վորլդ Վիժն»ի տնօրեն Մարկ Քելլին իր երախտագիտությունը հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` վերոնշյալ ծրագրին բերած մեծ եւ անգնահատելի օժանդակության համար: Հանդիսության վերջում գնահատանքի խոսք ասաց Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Շնորհանդեսին ներկա էին Մայր Աթոռի պաշտոնեություն, ձեռնարկի հայերեն հրատարակության հեղինակները, Կրթության եւ գիտության եւ Սփյուռքի նախարարությունների, Կրթության Ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, «Վորլդ Վիժն» Հայաստան քրիստոնեական բարեգործական կազմակերպության աշխատակիցները: