Գրողների համահայկական համաժողով

Գրողների համահայկական համաժողով 29.06.2010

Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար

Հունիսի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գրողների համահայկական 5-րդ համաժողովի շուրջ 70 մասնակիցներին:

Միասնական տերունական աղոթքից հետո Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց համաժողովի մասնակիցներին եւ համաժողովի օրակարգը: «Ամեն անգամ գալիս ենք ստանալու Մայր Աթոռի եւ Ձեր օրհնությունը , որը կարեւոր նշանակություն ունի հոգեւոր եւ գիտամշակութային կապերի համար», - նշեց Լ. Անանյանը` շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին եւ հանուն մասնակիցների ընծայաբերելով «Արդի հայ քնարերգության» երկհատորյակը ի նշան սիրո եւ նվիրումի հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Ապա Վեհարանի նվիրական հարկի ներքո հյուրերին ողջունեց եւ իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց գրողների այցի առիթով Մայր Աթոռ, որը ծննդավայրն է գրի ու գրականության, ուր գրողները պիտի ներշնչվեն, հաղորդ դառնան անցյալին եւ Աստծո հետ հաղորդակցությամբ առավել հստակեցնեն իրենց առաքելությունը: Գնահատանք հայտնելով միության վարչության անդամներին` Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի գրողներին համախմբելու գեղեցիկ նախաձեռնության համար` Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ համաժողովը կբերի իր օգտակարությունը եւ ցանկալի պտուղներ կտա:

Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ նաեւ գրողների առաքելությանը, որն է ստեղծագործությունների միջոցով հայորդու կերպարի, մտքի, աշխարհայացքի կերտումը, սրանով` առողջ հայրենիքի կերտումը: «Արժեքները, որ գրչի միջոցով են փոխանցվում, գալիք սերունդների համար պետք է հպարտության առիթ դառնան այնպես, ինչպես մեր նախնիների գործերն են մեզ հպարտությամբ լցնում: Վճռորոշ շրջան է հիմա. հայրենի արժեքները պահպանելու հրամայականի առջեւ ենք: Ժողովրդի համար գրողի դերը պետք է լինի նրա առաջնորդությունը, վճռական ձայնը: Ժողովրդի խղճի ձայնը պիտի լինի գրողի կողմից հնչած ձայնը` Հայրենիքի շահի գիտակցությամբ, Հայրենիքի սիրո առաջնորդությամբ:

Այժմ բազմաթիվ հրապարակումներ են հանդիպում, որոնք ոչ թե կրթող, այլ ավելի քայքայիչ, վնասակար են, որոնք վրդովմունք են առաջացնում ձեզանից շատերի մեջ եւ հաճախ գայթակղություն հանդիսանում: Այս երեւույթներն ավելի մեծ չափով են շեշտադրում պարտականության զգացումը, եւ կարեւորվում է գրողի կերպարը` դրական հատկանիշներով, որպես օրինակ երիտասարդության համար», - ասաց Նորին Սրբությունը:

Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը պատասխանեց գրողների հարցերին, որոնք վերաբերում էին Վիրահայոց թեմի կարգավիճակին եւ հայկական եկեղեցիների վերադարձման խնդրին, Հայաստանում օտարալեզու դպրոցների, հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, Սփյուռքի համար կրոնի եւ Հայ Եկեղեցու պատմության դասագրքերի հրատարակությանը, կրոնապետերի համաժողովներին եւ Նորին Սրբության Բաքու այցելությանը եւ այլնին:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը մասնակիցներին նվիրեց Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի կողմից հրատարակված երեք արժեքավոր աշխատություններ: