Գուգարաց թեմում կայացավ - հերթական թեմական ժողով
Հունիսի 10-ին Գուգարաց թեմի առաջնորդարանում, թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի նախագահությամբ, կայացավ Գուգարաց թեմի հոգեւոր հովիվների հերթական թեմական ժողովը:
Ժողովն սկսվեց «Հայր մեր» տերունական աղոթքով եւ Սրբազան Հոր բարի գալստյան եւ ողջույնի խոսքով: Ապա թեմակալ առաջնորդը ուրախությամբ հայտնեց, որ թեմի հոգեւորականաց դասը համալրվել է եւս մեկ հովվով` ի դեմ Տեր Վիգեն քահանա Ղազարյանի, ով նշանակվել է Ախթալայի Սուրբ Աստվածածին եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ:
Ժողովին ներկա էին Գուգարաց թեմի Լոռու մարզի թվով 13 քահանա հայրեր:
Ժողովի ընթացքում թեմակալ առաջնորդը հովիվների ուշադրությանը հանձնեց Վեհափառ Հայրապետի հրահանգով հաստատված «Ուղենիշ Հայաստանայայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Թեմական Կանոնադրությունը»: Սրբազան Հայրը մանրամասն խոսեց հովվական կյանքում հավատացյալ-եկեղեցի-հովիվ հարաբերությունները կարգավորող կանոնադրության անհրաժեշտության եւ կարեւորության մասին:
Հանձնարավեց Հաղպատի վանահայր Հայր Ասպետ վարդապետ Բալյանին եւ Ստեփանավանի հոգեւոր հովիվ Հայր Վռամ աբեղա Ղազարյանին Կանոնադրությունը համայնքներում կիրառելու նպատակով բացատրական աշխատանքներով օգնել հոգեւոր հովիվներին եւ համայնքներին:
Ժողովում արծարծվեցին նաեւ հովիվների` համայնքներում քարոզչական, կազմակերպչական ծրագրերի իրականացման, ծխական համայնքների ձեւավորման, ամառային բակային ճամբարների գործունեության, հանրակրթական դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանն առնչվող հարցեր:
Ժողովը փակվեց «Պահպանիչ» աղոթքով:
Դիվան Գուգարաց թեմի