Գոհաբանական մաղթանք Հանրապետության տոնի առիթով
Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց գոհաբանական մաղթանք Հայաստանի Հանրապետության համար:
Հոգեւորականների թափորով Ամենայն Հայոց Հայրապետը առաջնորդվեց Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջեւ Մայր Աթոռի միաբանությունը միահամուռ աղոթք վերառաքեց առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության եւ խաղաղության համար:
«Գոհություն ենք հայտնում Քեզ, Տե°ր, որ այցելեցիր հայոց ազգին, ցույց տվեցիր մեզ Քո մեծ ողորմությունը եւ հաստատեցիր Հայոց Հանրապետությունը Հայաստան աշխարհում: ...Արդ մենք ամենքս խոնարհվում ենք Քո առջեւ, Տեր Աստվա°ծ մեր, եւ հայցում Քո ամենառատ ողորմությունից, որպեսզի պահես ու պահպանես Հանրապետությունը Հայաստան աշխարհի խաղաղության, բարօրության եւ անսասանության մեջ: ...Օրհնի°ր բոլորին, որ Հանրապետության իշխանության ներքո են` եկեղեցականներին ու աշխարհականներին, մեծերին ու փոքրերին, տղամարդկանց ու կանանց եւ ողջ Քո հավատացյալ ժողովրդին` պահելով նրանց Քո Սուրբ Աջի հովանու ներքո»,- ասվում է աղոթքի մեջ:
Յավարտ արարողության Նորին Սրբությունը շնորհավորեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությանը եւ ներկա հավատացյալ ժողովրդին Հանրապետության տոնի առիթով: