Գլոբալ Քրիստոնեական Ֆորումի հանդիպում Նայրոբիում
Նոյեմբերի 6-9-ը Քենիայի Նայրոբի քաղաքում տեղի կունենա Գլոբալ Քրիստոնեական Ֆորումի հանդիպումը` «Մեր ճամփորդությունը Հիսուս Քրիստոս հաշտարարի հետ» խորագրով, որի նպատակն է անդրադառնալ քրիստոնեական եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերներին և եկեղեցիների կյանքում տեղի ունեցող փոփոխություններին, աշխարհում եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների առաքելությանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Եկեղեցին հանդիպմանը ներկայացնելու է Անգլիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հանդիպմանը կմասնակցեն շուրջ 240 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից և քրիստոնեական եկեղեցիներից:
Ժողովականները նաև կքննարկեն Ֆորումի ծրագիրն ու նպատակները, հնարավորություն կունենան հանդիպելու ըստ տարածաշրջանների և եկեղեցական ավանդությունների: