Գերմանիայի դեսպանի այցը
Սեպտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Ռայներ Մորելին:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով` մաղթելով արդյունավետ աշխատանք: Նորին Սրբությունը նաեւ գոհունակությամբ անդրադարձավ հայ-գերմանական հարաբերություններին, դրանց ամրապնդմանն ուղղված դեսպանատան ջանքերին, ինչպես նաեւ Մայր Աթոռի եւ դեսպանատան միջեւ սերտ կապերին:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Հայ Եկեղեցու համագործակցությունը Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու, ավետարանական հարանվանությունների եւ քրիստոնեական կազմակերպությունների հետ սոցիալական եւ կրթական տարբեր ծրագրերում` տեղեկացնելով, որ այդ շրջանակներում վերջին տարիներին Մայր Աթոռի վեց միաբան իրենց կրթությունը շարունակել են Գերմանիայի բարձրագույն կրթական հաստատություններում:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանում խաղաղության պահպանման, ինչպես նաեւ առկա խնդիրների հաղթահարման գործում հոգեւոր առաջնորդների կարեւոր դերակատարությանը: