Գերմանիայի Սաքսոնա-Անհալթ երկրամասի Մշակույթի եւ կրթության նախարարը Մայր Աթոռում

Գերմանիայի Սաքսոնա-Անհալթ երկրամասի Մշակույթի եւ կրթության նախարարը Մայր Աթոռում 25.09.2012
Գերմանիայի Սաքսոնա-Անհալթ երկրամասի Մշակույթի եւ կրթության նախարարը Մայր Աթոռում

 

Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնա-Անհալթ երկրամասի Մշակույթի եւ կրթության նախարար Շտեֆան Դորգելոհի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի: Հանդիպմանը ներկա էր նաեւ Գերմանիայի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը:

Հանդիպման սկզբում մշակույթի փոխնախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հայ-գերմանական մշակութային կապերն ու համագործակցությունը, ինչպես նաեւ տեղեկացրեց, որ այս տարի Հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում Գերմանիայի մի շարք քաղաքներում մշակութային տարբեր միջոցառումներ ու ծրագրեր են իրականացվել:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց հայ-գերմանական բազմակողմանի մշակութային համագործակցության առիթով` ուրախությամբ նշելով, որ երկու երկրների հարաբերությունները տարեց տարի ավելի են սերտանում եւ համագործակցություն` ավելի ընդգրկուն դառնում: Նորին Սրբությունը մասնավորապես կարեւորեց այն օժանդակությունը, որ գերմանացի մասնագետները մատուցում են հայկական հնագույն արժեքների ուսումնասիրության եւ համաշխարհային հանրությանը ներկայացնելու գործում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ Գերմանիայի հայկական համայնքի կյանքին, Հայոց Եկեղեցու եւ Գերմանիայի Եկեղեցիների միջեկեղեցական հարաբերություններին: