Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն

Հուլիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի (Ներսես Վանականի) ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն:

Բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանը: Սրբազանը Հայրն իր խոսքում անդրադարձավ Ներսես Սրբազանի կյանքի ուղուն, ստեղծագործական գործունեությանն ու վաստակին` դրվատանքով բնութագրելով նրան իբրեւ Հայ Եկեղեցու անդաստանում մեծ փորձ ունեցող մի հոգեւորականի:

Այնուհետեւ հանդիսության ընթացքում Սրբազան Հոր` հոգեւորականի եւ բանաստեղծի բարձր արժանիքների ու խորին վաստակի վերաբերյալ իրենց հուշերն ու խոհերն արտահայտեցին բանասիրական գիտությունների թեկնածու տիկին Փառանձեմ Մեյթիխանյանը, պոլսահայ լրագրող եւ «Մարմարա» թերթի գլխավոր խմբագրապետ Ռոբեր Հատտեճյանը, Վաղարշապատի թիվ 5 ռուսական վարժարանի տնօրեն տիկին Գայանե Սաֆարյանը:

Հանդիսականների մեծարանքի եւ շնորհակալական խոսքերից հետո իր սրտի խոսքը ներկաներին ուղղեց Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը: Անդրադառնալով իր կյանքի անցած ուղուն` Սրբազան Հայրը, բանափոխելով Վ. Թեքեյանի «Հաշվեհարդար» բանաստեղծությունը, նշեց, որ հիրավի իրեն նույնպես կյանքից մնացել է միայն այն, ինչ տվել է ուրիշներին: Սրբազան Հայրը նաեւ իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին, միաբանակից եղբայրներին ու հանդիսականներին ցուցաբերվող ուշադրության համար:

Հանդիսությունը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը գոհունակություն արտահայտեց, որ վերջին տարիներին նման հոբելյանական հանդիսությունների գեղեցիկ ավանդույթ է ձեւավորվում, եւ կարեւորեց դրանց անցկացումը: Ներսես Վանականի բանաստեղծական շնորհի ու վաստակի գնահատմամբ հանդերձ Նորին Սրբությունը Սրբազան Հոր մեծագույն արժանիքը նկատեց նրա հոգեւոր սպասավորությունը. «Իր հոգեւոր ծառայությամբ Ներսես սրբազանն ու իր նմանները խորհրդային հասարակարգի ժամանակ վառ պահեցին կանթեղը Սուրբ Էջմիածնի: Մշտահունչ եղավ աղոթքը Սուրբ Էջմիածնի կամարների ներքո եւ իրենց շնորհիվ նաեւ կենսունակ մնաց Եկեղեցին»,- նշեց Ամենայն Հայոց Հայրապետը: Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց Ներսես Սրբազանի` Հայ Եկեղեցուն բերած տարիների մեծ ավանդը եւ, ի հավելումն այդ ամենի, սեփական միջոցներով Թեղենիկ գյուղում Սբ. Նահատակաց եկեղեցու եւ կից շենքի կառուցումն ու դպրոցի վերանորոգումը, ինչպես եւ Հայորդյաց տուն բացելու ծրագրերը:

Վերստին շնորհավորելով Մայր Աթոռի երիցագույն միաբանին` Նորին Սրբությունը կյանքի արեւշատություն ցանկացավ Սրբազան Հորը` մաղթելով, որ նա միշտ իր հավատքով բորբոքի Լուսավորչի կանթեղը: Ապա Վեհափառ Հայրապետը Ներսես արքեպիսկոպոսին շնորհեց գրերի գյուտի 1600-ամյակի առիթով պատրաստված պանակե` իբրեւ գրչի մարդու եւ այբուբենին ծառայած եկեղեցականի:

Հանդիսության ընթացքում Սրբազան հոր բանաստեղծական գոհարներից արտասանեց հանրահայտ ասմունքող տիկին Նունե Դանիելյանը, հայ հոգեւոր եւ ազգային երգերի կատարումներով հանդես եկան տիկ. Մարի Պոզապալյանը եւ «Լույս» վոկալ կվինտետը: