Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում փլուզման առնչությամբ

Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում փլուզման առնչությամբ 12.01.2012
Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում փլուզման առնչությամբ

Հունվարի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության առնվեց Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման խնդիրը: Ժողովում Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունեց հետևյալ հայտարարությունը.

Ցավով տեղեկացանք, որ հուվարի 9-ին փլուզվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Սբ. Նշան հայկական եկեղեցու հյուսիսարևելյան հատվածը:

Մեծապես անհանգստացած սույն փաստով և նկատի ունենալով Շամխորեցոց Կարմիր Ավետարան և Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցիների փլուզման նախադեպերը` Գերագույն հոգևոր խորհուրդն արտահայտում է իր խորը մտահոգությունը:

Դեռևս 2011թ. հունիս ամսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան  կատարած հովվապետական այցի ընթացքում Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Բ-ի հետ տեղի ունեցած հանդիպմանը հայկական կողմին հավաստիացում էր արվել, որ փլուզված և փլուզման վտանգի ենթակա հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք և հոգատարություն կդրսևորվի:

Հակառակ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վիրահայոց թեմի կողմից հնչեցված ահազանգերի` վրացական կողմի անուշադրությունը և հապաղումը հրատապ խնդիրների լուծման մեջ, ցավոք, այսօր կանգնեցրել է մեզ տխուր այս իրավիճակի առջև:

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է ուղղում Վրաստանի իշխանություններին` անհապաղ քայլեր ձեռնարկել փրկելու կործանումից Սբ. Նշան հայկական եկեղեցին, հետամուտ լինել Վրաստանի մշակութային ժառանգության մաս կազմող հայկական սրբավայրերի պահպանությանն ու խնամքին և ընդառաջ Վիրահայոց թեմի խնդրանքին` վիրահայությանը վերադարձնել պահանջված հայկական եկեղեցիները՚: