Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Հունիսի 28-30-ը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով։
Ժողովի նիստերը վարեցին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։
Ժողովին քննության առնվեցին միջեկեղեցական հարաբերություններին, ներեկեղեցական կյանքին և եկեղեցական ժողովական կառույցներին վերաբերող հարցեր։
Ժողովի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Հռոմի Սրբազան Քահանայապետի այցելությանը Հայաստան։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ դեռևս 2014 թ. Հայաստան հրավիրված Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, 2015 թ. նամակով հաստատելով այցի իրականացումը 2016 թվականին, հունիսի 24-26-ը եղբայրական այցով եղավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, որն անցավ հոգևոր ջերմ մթնոլորտում։ Այցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ և այցի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
ԳՀԽ անդամներն ուրախությամբ արձանագրեցին, որ Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստան լավագույն վկայությունն էր Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա եղբայրական ջերմ հարաբերությունների և գործակցության։ Ժողովականները նաև իրենց գնահատանքը հայտնեցին այցի կազմակերպիչ հանձնախմբին և կազմակերպական աշխատանքներին մասնակցած բոլոր անձանց։
Ժողովին ԳՀԽ անդամների ուշադրության բերվեց նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի դիմումը Երուսաղեմի Ս. Հարության տաճարում Տիրոջ Ս. Գերեզմանի նորոգության հարցում Հայոց Եկեղեցու մասնակցության մասին։ Ընդգծելով Երուսաղեմի կարևորությունը համազգային կյանքում և սրբոց տեղյաց պահպանության գործում Հայոց Եկեղեցու պատասխանատվությունը՝ Գերագույն հոգևոր խորհուրդը՝ նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, հանձնառու եղավ օժանդակելու Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը և աշխարհասփյուռ թեմերի միջոցով ապահովելու անհրաժեշտ գումարը։
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվելիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կազմակերպչական աշխատանքների իրականացման մասին զեկուցեց ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Կանոնադրությունների մշակման հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ԳՀԽ ժողովին ներկայացրեց հանձնախմբի կողմից մշակված Ազգային-եկեղեցական ժողովի և Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունների նախագծերը։ Քննարկումների ընթացքում նախագծերի հոդվածների վերաբերյալ արվեցին տարբեր առաջարկներ և նկատառումներ, որոնց հիման վրա հանձնախմբին հանձնարարվեց լրամշակել նախագծերը և ներկայացնել ԳՀԽ առաջիկա ժողովին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը զեկույց ներկայացրեց «Աջակցություն Արցախին» ծրագրի մասին՝ անդրադառնալով Մայր Աթոռի կողմից Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում կազմակերպված հանգանակություններին, ինչպես նաև Մայր Աթոռի զանազան կառույցների և թեմերի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությանը։
Գոհունակություն հայտնելով եկեղեցական կառույցների և թեմերի կողմից ցուցաբերած աջակցության առնչությամբ` Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորեց այս ուղղությամբ աշխատանքների շարունակությունը՝ զորավիգ լինելու արցախահայությանը և նրա կարիքներին։
Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով և «Պահպանիչ» աղոթքով: