Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հունիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով:
Ժողովի սկզբում ԳՀԽ անդամներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը` ողջունելով նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ներկայությունը ԳՀԽ ժողովին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ ժողովը գումարվել է նկատի ունենալով Երուսաղեմի Հայոց Պատրիարքի Մայր Աթոռում գտնվելու պարագան` քննարկելու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հրատապ լուծում պահանջող հարցեր, ինչպես նաև Հայ Եկեղեցու թեմերի և կառույցների գործունեությանը վերաբերող խնդիրներ: Ապա Վեհափառ Հայրապետը հրավիրեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքին ատենապետելու ժողովը:
Ժողովի ընթացքում Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման և Մյուռոնօրհնության արարողության նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին զեկույցներ ներկայացրեցին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Լսելով ներկայացված զեկույցները` Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանք հայտնեց Սրբադասման ու Մյուռոնօրհնության հանձնախմբերին և Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակին կատարված աշխատանքի համար:
Ժողովին որոշվեց առաջիկա Մյուռոնօրհնության արարողությունն անցկացնել 2015 թ. սեպտեմբերի 27-ին` Ս. Վարագա խաչի տոնին: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետի կողմից հանձնարարական տրվեց հանձնախմբերին ձեռնամուխ լինելու միջոցառումների պատշաճ կազմակերպմանը:
Վիրահայոց թեմին վերաբերող խնդիրների վերաբերյալ զեկուցեց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Անդրադառնալով թեմական կյանքին` ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին Վազգեն Սրբազանին և թեմի եկեղեցականներին Վրաստանում Հայ Եկեղեցու և հայ համայնքի իրավունքների պաշտպանությանը և հոգևոր կյանքի զորացմանն ուղղված իրենց նվիրյալ ջանքերի համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ զեկուցեց հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը` մասնավորապես անդրադառնալով եկեղեցականների պատրաստության, ինչպես նաև սաների հավաքագրման և ընդունելության գործընթացին: Ընդգծելով աշխարհասփյուռ հայության հոգևոր կարիքները հոգալու համար բավարար թվով եկեղեցականների պատրաստության հրամայականը` Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց Գևորգյան հոգևոր ճեմարանում հաստատել հոգևոր-կրթական հաստատությունների դիմորդների հավաքագրման հատուկ գրասենյակ: Այս առնչությամբ հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսչին հանձնարարվեց պատրաստել տեղեկագրեր հոգևոր-կրթական հաստատությունների մասին, նաև թելադրվեց, Նվիրապետական Աթոռների հոգևոր-կրթական հաստատությունների պատասխանատուների հետ համախորհուրդ, մշակել թեմերում և համայնքներում ճեմարանների կարևոր առաքելության և գործունեության իրազեկմանն ուղղված մի ծրագիր, որը հրավեր կուղղի երիտասարդությանն ուսումնառությունը շարունակելու հոգևոր-կրթական հաստատություններում և հետագա ծառայությունը բերելու Հայ Եկեղեցու անդաստանում: