Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մայիսի 15-ին նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին նաեւ հայաստանյան թեմերի առաջնորդները եւ Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսները: Ժողովի ընթացքում քննության առնվեցին թեմական, կալվածական, ծիսական եւ կարգապահական խնդիրներ:
Ժողովին անդրադարձ կատարվեց օրերս Վրաստանում երկրաշարժի եւ ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգական դեպքերին, որոնց ընթացքում զոհվեցին Վրաստանի քաղաքացիներ: Այս առնչությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները ցավակցություն հայտնեցին վրաց ժողովրդին, Վրաստանի իշխանություններին եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցուն:
Ցավով արձանագրվեց նաեւ այդ ընթացքում Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու զանգակատան փլուզման փաստը: Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ժողովականներին տեղեկություններ փոխանցեց Սուրբ Նշան եկեղեցու վթարային վիճակի եւ այս ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:
Այս առնչությամբ թեմակալ առաջնորդին հանձնարարական տրվեց Վրաց պատկան մարմինների հետ աշխատանքները շարունակելու` արագացնելու համար Ս. Նշան եկեղեցու ամրակայման ու վերանորոգման, ինչպես նաեւ Շամխորեցոց Կարմիր Ավետարան եւ Մուղնեցոց Սուրբ Գևորգ փլուզված եկեղեցիների վերականգնման գործընթացը:
Գերագույն հոգևոր խորհուրդը նաեւ հույս հայտնեց, որ Վրաց իշխանությունները` ընդառաջ կատարված դիմումներին, կվերականգնեն Վիրահայոց թեմի իրավունքը հայոց պատմական սրբավայրերի նկատմամբ, ինչը հնարավորություն կտա թեմին եւ բարեպաշտ հայորդիներին պատշաճ խնամք ցուցաբերելու դրանց նկատմամբ եւ զերծ պահելու փլուզումներից:
Ժողովին քննության առնվեցին թեմերի գործունեությանն առնչվող մի շարք խնդիրներ` կապված եկեղեցապատկան կալվածքների հետ: Այս առնչությամբ հանձնարարական տրվեց թեմակալ առաջնորդներին հետևողական աշխատանք իրականացնելու` ամբողջացնելու թեմերում առկա եկեղեցապատկան կալվածքների գույքագրումը եւ միջոցներ ձեռնարկելու դրանց պահպանության եւ առավել նպատակային, արդյունավետ օգտագործման համար: Հանձնարարվեց նաեւ արագացնել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին իրավականորեն չպատկանող, պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող այն եկեղեցիների եւ սրբավայրերի ցանկագրման եւ ներկայացման գործընթացը, որոնք անհրաժեշտ են թեմերին գործունեության արդյունավետ իրականացման համար:
Գերագույն հոգևոր խորհրդին տեղեկացվեց, որ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը նշանակվել է նաեւ Տավուշի թեմի առաջնորդ: