Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով
Նոյեմբերի 13-14-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամներն աղոթեցին խորհրդի հանգուցյալ անդամ Ռաֆայել Պապայանի հոգու հանգստության համար: Մինչ օրակարգին անցնելը ժողովականներին ողջունեց եւ իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը:
Ժողովի նիստերն ատենապետեցին ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը: Ժողովի օրակարգում ընդգրկված էին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու նվիրապետական Աթոռներին, թեմերին եւ միջեկեղեցական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Օրակարգի հաստատումից հետո Խաժակ Սրբազանը զեկույց ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսության եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կանոնական հանձնախմբի աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Ժողովականներին տեղեկացվեց նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում նոյեմբերի 15-18-ը գումարվելիք միաբանական ժողովի մասին: Գերագույն հոգեւոր խորհուրդը ողջունեց միաբանական ժողովի գումարումը` կարեւոր նկատելով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը հուզող խնդիրների հաղթահարումը հանուն պատմական Ս. Աթոռի առաքելության առավել արդյունավետ իրագործման:
Այնուհետեւ Ֆրանսիայի Հայոց թեմի եւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությանն առնչվող հարցերը ներկայացրեց Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը: Սրբազան Հայրը զեկուցեց նաեւ Բենելյուքս երկրներում եկեղեցական կառույցների ձեւավորման ընթացքի մասին: Գոհունակությամբ ի գիտություն ընդունելով զեկույցը` Գերագույն հոգեւոր խորհուրդը հորդորեց շարունակել աշխատանքները:
Ժողովի ընթացքում քննության առնվեց Շվեցարիայում թեմական կյանքի վերակազմակերպման խնդիրը: Տեղեկացվեց, որ առաջիկայում Սյունյաց եւ Տավուշի փոխառաջնորդություններում կձեւավորվեն թեմական կառույցներ:
Նոյեմբերի երկրորդ կեսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարելիք Հովվապետական այցի առնչությամբ լուսաբանություններ տվեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Տեղեկացվեց, որ նկատի առնելով Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոս Իլիա Երկրորդի արտասահմանում բուժումից հետո վերականգնողական շրջանի անհրաժեշտությունը եւ պատրիարքի ցանկությունը` ուղեկցելու Նորին Սրբությանը Թբիլիսի եւ Ջավախք միջեկեղեցական եւ հովվապետական այցելության ողջ ընթացքում` Վրաց Եկեղեցին դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերանայելու Հայոց Հայրապետի Վրաստան այցի թվականը: Գերագույն հոգեւոր խորհուրդն ընդառաջ խնդրանքին հետաձգեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան` նկատի ունենալով հետաձգման վերաբերյալ նաեւ Վիրահայոց թեմի եւ Ջավախքի փոխառաջնորդության խնդրանքը:
Օրակարգում անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանի Հանրապետությունում ամուսնալուծությունների եւ ժողովրդագրական աճի խնդիրներին: Այս առնչությամբ Գերագույն հոգեւոր խորհուրդ մտահոգություն արտահայտեց, ինչպես նաեւ քննարկեց այն ուղիները, որոնց միջոցով Հայոց Եկեղեցին կարող է նպաստել այդ խնդիրների հաղթահարմանը:
Ժողովը փակվեց Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով: