Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար
Ապրիլի 7-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով:
Օրակարգում ընդգրկված էին Հայ Եկեղեցու ներեկեղեցական եւ միջեկեղեցական կյանքին առնչվող մի շարք հարցեր:
Նորին Սրբությունը Խորհրդի անդամներին տեղեկացրեց նոր նշանակումների մասին: Հայրապետական տնօրինությամբ Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը հունիս 1-ից ազատվում է իր պարտականություններից եւ կոչվում հանգստի: ԱՄՆ Հայոց Արեւելյան Թեմի փոխառաջնորդ Տ. Հայկազուն ծայրագույն վարդապետ Նաջարյանը, ազատվելով իր պարտականություններից, հունիս 1-ից նշանակվում է Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակ (նստավայրը` Վիեննա, Ավստրիա): Մեկ այլ տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանն ազատվել է իր պարտականություններից եւ առաջիկային կստանձնի այլ պաշտոն:
Ծանուցվեց նաեւ, որ ապրիլի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում: Եպիսկոպոսության աստիճան կստանան Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ վարդապետ Տիգրանյանը, Արագածոտնի թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը: Վեհափառ Հայրապետը ժողովականներին ներկայացրեց եպիսկոպոսության երեք թեկնածուներին` արժանի նկատելով պատասխանատու այդ աստիճանին:
Այնուհետեւ Գերագույն հոգեւոր խորհուրդն ունկնդրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անդամակցությամբ գործող միջեկեղեցական կազմակերպությունների պատասխանատուների եւ դրանցում Մայր Աթոռի ներկայացուցիչների հաշվետու զեկույցները:
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության գործունեության մասին զեկուցեց Ընկերության խորհրդի նախագահ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Եզնիկ Սրբազանը հանգամանորեն ներկայացրեց կատարված աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը: Մեծ կարեւորություն ընծայվեց ներկայիս իրականացվող հիմնական չորս ծրագրերին` «Շրջող Ավետարան» նախաձեռնությանը, որով հոգեւոր գրականություն է բաշխվում սահմանամերձ գյուղերում եւ թատերական ներկայացումներով քարոզվում Ս. Ավետարանը, «ՀՀ զինվորականներին` Ս. Գիրք» ծրագրին, ըստ որի ներկայիս 10000 Նոր Կտակարան է բաժանվում զինվորներին, կույրերի համար բրայլյան լեզվով Ավետարանի հրատարակությանը, ինչպես նաեւ Աստվածաշնչի գրաբար բնագրի պատրաստությանը:
«Ջինիշյան հիմնադրամի» գործունեության մասին զեկուցեց հիմնադրամի խորհրդում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: Հիմնադրամը 1999 թվականից սկսյալ ամեն տարի կանոնավոր կերպով իր օժանդակությունն է բերում ամառային ճամբարների կազմակերպման ծրագրին, որոնցից օգտվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների սաները եւ Հայաստանի հեռավոր շրջանների առավել կարիքավոր ընտանիքների երեխաները: 2006 թվականից Գուգարաց, Սյունյաց, Գեղարքունյաց եւ Արմավիրի թեմերի հետ համագործակցաբար իրականցվում է «Հոգեւոր կրթություն եւ դաստիարակություն երեխաների համար» ծրագիրը` ի նպաստ մատաղ սերնդի հոգեւոր դաստիարակության:
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ծրարգրերը ներկայացրեց գործադիր տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանը: Կլոր սեղանը ներկայիս գործում է չորս ուղղությամբ` համայնքային համապարփակ սոցիալական զարգացում եւ դիակոնիա (հիմնականում` Շիրակի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում սոցիալական կենտրոնների հաստատմամբ), հմտությունների զարգացում` ծրագրերի եւ սոցիալական աշխատանք իրականացնելու համար, «Երկխոսության խթանում հանուն տարածաշրջանային հաշտեցման» ծրագիր, ինչպես նաեւ հրատարակչական գործունեություն:
Զեկույցով հանդես եկավ նաեւ ԷԿԼՕՖ հիմնադրամի (Էկումենիկ ունիվերսալ վարկային կազմակերպություն) տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը: Հիմնադրամը ներկայիս ծրագրեր է իրականացնում ՀՀ ութ մարզերի 146 համայնքներում` նպատակ ունենալով աջակցել քաղաքացիներին` իրենց տնտեսություններն ընդլայնելու, աշխատատեղեր ստեղծելու եւ այդպիսով բարելավելու իրենց սոցիալական վիճակը:
Գերագույն հոգեւոր խորհուրդն գոհունակություն եւ գնահատանք հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո եւ մասնակցությամբ միջեկեղեցական կազմակերպությունների կողմից իրականացվող լայնածավալ սոցիալական ծառայության համար` մաղթելով արդյունաշատ գործունեություն ի բարօրություն ժողովրդի եւ զորացումն Հայրենիքի:
Այնուհետեւ միջեկեղեցական հարաբերությունների ծիրից ներս Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը ժողովականներին տեղեկացրեց, որ հունիս ամսին նախատեսվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական այցը Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին, որից հետո Նորին Սրբությունը Հովվապետական այցով կլինի Վիրահայոց թեմում` Թբիլիսիում եւ Ջավախքում:
Ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով եւ աղոթքով: