Գերագույն հոգաաեւոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված ժողով:
Տերունական աղոթքից հետո Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին իր օրհնությունը եւ գնահատանքը բերեց Վեհափառ Հայրապետը:
Նախորդ ժողովի արձանագրության հաստատումից հետո Խորհրդի անդամները ձեռնամուխ եղան օրակարգային հարցերի քննարկմանը: Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին ներկայացվեցին Մայր Աթոռի 2009թ. գործունեության տեղեկագիրը եւ ֆինանսա-տնտեսական զեկույցը:
Օրակարգում ընդգրկված էին Հայ Եկեղեցու նվիրապետական Աթոռներին, ներեկեղեցական եւ միջեկեղեցական կյանքին առնչվող հարցեր:
Ժողովում ամփոփվեցին մարտի 16-18-ը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կատարած պաշտոնական այցի արդյունքները: Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի այցելությանը, որը հերթական անգամ փաստեց երկու Եկեղեցիների միջեւ առկա եղբայրական ջերմ հարաբերությունների եւ սերտ համագործակցության մասին: Գերագույն Հոգեւոր խորհրդում գնահատանքով ընդունվեց այցի կազմակերպիչ հանձնախմբի կողմից իրականացված աշխատանքների մասին զեկույցը: Նորին Սրբությունը տեղեկացրեց նաեւ, որ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի այցի ընթացքում Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի եւ Կիրիլ Ա Պատրիարքի անունից փոխանցվել է հրավեր` մասնակցելու ապրիլի 26-28-ը Բաքվում կայանալիք ԱՊՀ եւ Բալթյան երկրների հոգեւոր առաջնորդների գագաթաժողովին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը հայտնեց Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամներին, որ ընթացակարգային որոշակի հստակեցումներից հետո վերջնական որոշում կկայացվի գագաթաժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցության վերաբերյալ:
Այնուհետեւ անդրադարձ կատարվեց Վեհափառ Հայրապետի եւ նրա շքախմբի փետրվարի 17-19-ը Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն կատարած այցին: Այցը կազմակերպված էր Երուսաղեմի Հայոց Պատրիարքի ծննդյան 91-րդ, քահանայական ձեռնադրության 70-րդ եւ պատրիարքական գահակալության 20-րդ տարեդարձերի առիթով կազմակերպված միջոցառումներին մասնակցելու եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Պատրիարքին տրված «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանը հանձնելու առիթով: Գերագույն հոգեւոր խորհուրդը, քննարկելով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանն առնչված հարցերը, ողջունեց Հայոց Պատրիարքին Նորին Սրբության բերած առաջարկը` Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում Սրբոց Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողով գումարելու վերաբերյալ:
Գերագույն հոգեւոր խորհուրդն ի գիտություն ընդունեց նաեւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության Կրոնական Ժողովի ատենապետ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի զեկույցը Կոստանդնուպոլսի Հայոց Աթոռակից Պատրիարքի ընտրության ընթացքի վերաբերյալ` վերահաստատելով փոխանցված տեղեկատվությունը, որ Թուրքիայի իշխանություններին ներկայացվել է Աթոռակից Պատրիարք ընտրելու վերաբերյալ դիմումը` սպասելով ընտրության անցկացման համար համապատասխան արտոնության տրամադրմանը:
Ժողովականներին տեղեկացվեց նաեւ, որ կարգալույծ է հռչակվել Արցախի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Հակոբ աբեղա Ապրեսյանը` կանոնազանց ընթացքի համար: Այսուհետ նա կարգվում է աշխարհականների դասում` կոչվելով ավազանի անունով` Միրզա Ապրեսյան:
Օրակարգում քննության նյութ դարձավ նաեւ թեմական, ներեկեղեցական վարչա-կառուցվածքային վերափոխումներ իրականացնելու ծրագիրը:
Ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով եւ աղոթքով: