Գեղարդավանքի երգչախումբը մեկնում է Գերմանիա

Մարտի 2-13-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ս. Գեղարդավանքի երգչախումբը գլխավորությամբ Ս. Գեղարդավանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Ղեւոնդ աբեղա Ղեւոնդյանի կմեկնի Գերմանիա, ուր հանդես կգա մի քանի համերգներով (խմբի գեղարվեստական ղեկավար` արվեստագիտության թեկնածու, դոցենտ Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան):
Համերգային այս շրջագայությունը կազմակերպվել է Յունեսկոյի հովանու ներքո` Ս. Գեղարդավանքի եւ Գերմանիայում Լորշի միջնադարյան վանքի համագործակցության շրջանակներում: Երկու վանքերի համագործակցությունը սկզբնավորվել է 2001 թվականին, երբ Լորշի` այսօր արդեն գիտահետազոտական ինստիտուտի ներկայացչությունն այցելեց Հայաստան եւ մասնավորապես Ս. Գեղարդավանք:
Երգչախմբի հերթական ուղեւորությունը դեպի Գերմանիա թվով երրորդն է: Համերգները կկայանան Մյունխեն, Աուգսբուրգ, Շտուտգարտ, Լորշ, Հանաու, Դարմշտատ եւ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքներում: Համերգների ծրագրում ընդգրկված են հայ հոգեւոր եւ ժողովրդական երգեր:
Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հովանավորությամբ երգչախումբը համերգներով հանդես կգա նաեւ հայ համայնքի համար Քյոլն եւ Հանաու քաղաքներում, մարտի 9-ին եւ 10-ին: