Գարեգին Խաչատուրյան Տրապիզոնցի պատրիարքի անունը կրող նորակառույց դպրոց
Գուգարաց թեմում բացվեց
Հունիսի 7-ին, նախագահությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի դպրոցի նորակառույց շենքի օրհնության եւ բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, դպրոցի կառուցումը ֆինանսավորած կազմակերպությունների անդամները, բարերարները, աշակերտներն ու նրանց ծնողները: Ծրագրի հիմնական ֆինանսավորումն իրականացրել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը` տրամադրելով նաեւ նոր գույք: Դպրոցն այժմ ունի 64 աշակերտ: Գումարի 10 տոկոսը, Վահագնաձորի համայնքի բյուջեի սղության պատճառով, համայնքի անունից ստանձնեց «Վարդանանց ասպետներ եւ դուստրեր» կազմակերպությունը, սփյուռքում բնակվող ԱՄՆ-ի եւ Եվրոպայի պոլսահայերի միջոցներով: Միջոցառմանն օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Դիմելով Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին, ներկա հոգեւորականներին, բարերարներին ու շինարարներին, Սրբազանն ասաց. «Լոռվա աշխարհի Վահագնաձոր գյուղում սույն նորակառույց կրթօջախը, անշուշտ, նպաստելու է կրթության սուրբ գործին: Այն կրելու է Թուրքիո հայոց ամենասիրված եւ վաստակաշատ Պատրիարքներից մեկի` Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի անունը: Վստահ եմ ու կհավատամ, որ աշակերտներն ու գյուղի բնակիչները ծանոթանալով տրապիզոնցի պատրիարքի գործունեությանն ու վաստակին, կհամոզվեն, թե ինչպիսի մեծ պատիվ է դպրոցը կոչել նրա անունով»:
Եվ ապա հավելեց. «Դպրոցի անվանակոչումը հոգեւոր կամուրջ է նաեւ պոլսահայության եւ Հայաստանի հայության միջեւ»:
Սրբազանը մանրամասնեց նաեւ Գարեգին Պատրիարքի գործունեության կարեւոր դրվագները, ըստ արժանվույն ներկայացրեց բարձրաստիճան հոգեւորականի մատուցած հոգեւոր, վարչական, կրթական, քարոզչական, մատենագրական ծառայություններն ու վաստակը: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը ներկայացրեց դեռեւս անցած տարիներից շենքային խնդիրներ ունեցող դպրոցի պատմությունը: Մարզպետը հորդորեց աշակերտներին եւ ուսուցիչներին աչքի լույսի պես պահել շենքը եւ Խաչատուրյան Պատրիարքի օրինակով ծառայել ազգին եւ եկեղեցուն: Վահագնաձորի գյուղապետ Էդիկ Եղոյանը եւ դպրոցի տնօրեն Անահիտ Ջոմարդյանը նույնպես շնորհակալություն հայտնեցին բարերարներին եւ ներկաներին: Աշակերտների կողմից պատրաստված գեղարվեստական միջոցառումը անհուն հրճվանքի հոգեզմայլ պահեր պարգեւեց ներկաներին:
Ի դեպ, հարկ ենք համարում մեր ընթերցողներին տեղեկացնել, որ սույն թվականի հունիսի 9-ին, Շիրակի թեմում, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի եւս մեկ դպրոց է վերաբացվեց եւ անվանակոչվեց Պոլսո երջանկահիշատակ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի անունով:
Դիվան Գուգարաց թեմի