Գարեգին Բ կաթողիկոսին հանձնվեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանը բարձրագույն կրթական հաստատություն ճանաչելու մասին կառավարական որոշումը
2001-2002թթ. ուսումնական տարում ճեմարանում սովորում էր 103 ուսանող
ՀՀ կառավարության որոշմամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանը ճանաչվել է որպես բարձրագույն ուսումնական հաստատություն:
Հուլիսի 2-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կառավարական սույն որոշումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին պաշտոնապես հանձնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը:
Ստանալով կառավարական որոշումը` Նորին Սրբությունն ի դեմս պրն. Թոփուզյանի իր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնեց ՀՀ իշխանություններին Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: Վեհափառ Հայրապետը համոզմունք հայտնեց, որ այս որոշումը կնպաստի ճեմարանի կրթական մակարդակի բարձրացմանը եւ մեծ հնարավորություններ կբացի ճեմարանի ուսանողության առջեւ` թույլատրելով նրանց առավել դյուրությամբ շարունակելու հոգեւոր ուսումը Հայաստանի Հանրապետության եւ արտերկրի բարձրագույն կրթական այլ հաստատություններում:
* * *
Նույն օրը երեկոյան Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի 2001-2002թթ. ուսումնական տարվա ամավերջյան հանդիսությունը:
Հանդիսության ընթացքում ներկաներին ճեմարանի ընթացիկ տարվա գործունեությունը ներկայացրեց ճեմարանի տեսուչ Տ. Եղիշե ավ. քհն. Սարգսյանը: Ինչպես տեղեկացրեց Տ. Եղիշեն, այս տարի ճեմարանում հոգեւոր կրթություն էր ստանում հարյուր երեք ուսանող, որոնցից վերջին լսարանն ավարտեց քսաներկուսը:
Հանդիսության ավարտին Նորին Սրբությունը, ներկաներին բերելով իր բարեմաղթանքներն ու օրհնությունը, բարձր գնահատեց ուսումնական այս տարում տեսչության եւ դասախոսական կազմի կատարած աշխատանքը եւ արձանագրած հաջողությունները` նշելով, որ նոր շրջանավարտները հույս են արթնացնում եւ լավատեսությամբ համակում դեպի եկեղեցու վաղվա օրը:
Հանդիսության ընթացքում գեղարվեստական հայտագրով հանդես եկան Գեւորգյան ճեմարանի սաները: