Գարեգին Բ Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Երեւանի Աջափնյակ համայնքի եկեղեցու հիմնարկեքը
Դեկտեմբերի 22-ին, Երեւանի Աջափնյակ համայնքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Սբ. Խաչ եկեղեցու հիմնարկեքիր արարողությունը: Եկեղեցին կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ: Եկեղեցու ճարտարապետն է Ռուբեն Ազատյանը:
Ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի եւ արարողությանը մասնակից սրբազան հայրերի` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի եւ Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթակճյանի օծվեցին եկեղեցու 16 վեմ քարերը: Ապա եկեղեցու կնքահայրերը սարկավագների ուղեկցությամբ վեմ քարերը զետեղեցին եկեղեցու հիմքերում:
Կառուցվող եկեղեցու կնքահայրերն էին` ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Ֆադեյ Սարգսյանը, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, տիար Ռազմիկ Աբրահամյանը, տիար Վրեժ Մարկոսյանը, Աջափնյակ համայնքի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, տիարք Ռուբեն Տոնոյանը, Հակոբ Հակոբյանը եւ Ռաֆիկ Կարապետյանը:
Արարողության ավարտին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընթերցեց եկեղեցու հիմերի մեջ զետեղվելիք արձանագրությունը: Այնուհետեւ հավաքված ժողովրդին եւ եկեղեցու կնքահայրերին Հայրապետական իր պատգամն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Այսօր ձեզ հետ միասին մենք գոհաբանական աղոթքով եւ սաղմոսերգությամբ կատարեցինք հիմնօրհնեքը Սբ. Խաչ եկեղեցու, որ պիտի երկինք պարզի իր խաչը Հայոց աշխարհի եւ մեր բարեպաշտ ու հավատավոր զավակների վրա, որպեսզի ազգս հայոց շարունակի իր հավատարիմ ընթացքն առ Աստված, շարունակի նախանձախնդիր լինել հայրենական իր ավանդների, սրբությունների պահպանման գործում եւ իր կյանքն ապրել Տիրոջ պատգամների ու պատվիրանների համաձայն:
Արդարեւ, մարդու կյանքն արժեւորվում է եւ իմաստ է ձեռք բերում, երբ անհատն այդ կյանքն ապրում է Աստծո հետ, Աստծուն նվիրյալ կյանք է ապրում: Մենք մեր պատմությունից գիտենք բարի օրինակներ, թե ինչպես են մեր հայրերն ապրել` իրենց կյանքը դարձնելով ամբողջական նվիրում Երկնային Տիրոջը, ապրել են Քրիստոսի սուրբ հավատքով` չզլանալով անգամ ի պահանջել հարկին արյուն հեղել ի պաշտպանություն իրենց հավատքի ու սրբությունների:
Մենք փառք եւ գոհություն ենք առ Աստված բարձրացնում, որ մեր հայրերի սրբազան այդ հավատքն ազգս հայոց հավատարմորեն շարունակում է պահել ու պահպանել մեր օրերում, երբ ապրում է` թոթափած իր ուսերից անհավատության յոթանասուն տարիների ծանր լուծը, ապրում է ազատ ու անկախ Հայաստանում` ունենալով բոլոր հնարավորությունները` վերակերտելու իր հավատավոր կյանքը ազատ մեր երկրի մեջ», - ասաց Նորին Սրբությունը:
Վեհափառ Հայրապետը ի դեմս ՀՀ վարչապետի շնորհակալություն հայտնել ՀՀ իշխանություններին, որոնց բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կարողանում է շենացնել հայոց հոգեւոր կյանքը, հիմնել եւ վերանորոգել վանքեր ու եկեղեցիներ, որոնց կամարների ներքո հայոց ազգը ամրացնում ու զորացնում է իր ոգին եւ աստվածպաշտությամբ ընթանում դեպի իր կյանքի նոր ժամանակները:
Նորին Սրբությունն իր բարձր գնահատանքն արտահայտեց Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանին եւ Աջափնյակի հավատավոր բոլոր բնակիչներին, որոնց նախանձախնդիր ջանքերով պիտի կառուցվի Սբ. Խաչ եկեղեցին` զորակցությամբ, օրհնությամբ եւ հովանավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի: Վեհափառն իր գնահատանքը բերեց նաեւ եկեղեցու ճարտարապետին եւ շինարարներին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀՀ Վարչապետը միասին եկեղեցու արձանագրությունն ամփոփեցին Սբ. Խաչ եկեղեցու հիմերում:
Եկեղեցու կառուցումը նախատեսվում է ավարտել երեք տարուց: Եկեղեցին կունենա 34 մետր բարձրություն եւ սյունաշարով լայն գմբեթ: