Գարեգին Բ Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Աբովյան քաղաքի եկեղեցու հիմնարկեքը

Գարեգին Բ Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Աբովյան քաղաքի եկեղեցու հիմնարկեքը 25.08.2006

Օգոստոսի 24-ին Կոտայքի թեմի Աբովյան քաղաքում արտասովոր խանդավառություն էր տիրում: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնարկեքը, որի կառուցումը նախատեսվում է ավարտել երկու տարուց: Եկեղեցին կառուցվում է հովանավորությամբ Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, որի ազնիվ բարերարությամբ նաեւ կառուցվել է Առինջի Սբ. Աստվածածին եկեղեցին, վերանորոգվել Սբ. Հովհաննեսը:

Կառուցվող եկեղեցու մատույցներում Նորին Սրբությանը դիմավորեցին Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը, եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Աբովյանի քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը: Աղ ու հացի օրհնությունից հետո «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո, թեմի եկեղեցականներից ու Մայր Աթոռի միաբաններից կազմված հանդիսավոր թափորի ուղեկցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով հավատավոր ժողովրդին, առաջնորդվեց դեպի կառուցվող եկեղեցու հիմերը:

Ձեռամբ Նորին Սուրբ Օծության եւ արարողությանը մասնակից Սրբազան հայրերի` Տ. Ներսես արք. Պոզապալյանի եւ Տ. Առաքել եպս. Քարամյանի, օծվեցին եկեղեցու 16 վեմ քարերը` կոչելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի 12 սուրբ առաքյալների, ավետարանիչների, ինչպես նաեւ Սբ. Պողոսի եւ Սբ. Գրիգոր Լուսավորչի անուններով, ապա Սբ. Հովհաննես եկեղեցու կնքահայրերը դրանք զետեղեցին եկեղեցու 16 սյուների հիմքերում:

Եկեղեցու հիմքերում ամփոփվեց նաեւ եկեղեցու հիմնադրության արձանագրությունը:

Եկեղեցու հիմնարկեքի բերկրաշատ առիթով իր մտորումները հայտնեց նաեւ եկեղեցանվեր բարերարը: «...Մարդիկ հավատք պիտի ունենան, հավատքով պիտի ապրեն: Առաջին քայլն արդեն արվել է. Աբովյանում առաջ չկար եկեղեցի, եւ այդ պատվին Վեհափառն ինձ արժանացրեց: Եվ այսքան ձգձգումներից հետո այս հույսն էլ ես եմ ուզում իրականացնել»,-ասաց տիար Ծառուկյանը` մաղթելով, որ այն ծառայի երկրին եւ ժողովրդին` ամրապնդման, զարգացման ու բարգավաճման համար:

Արարողության ավարտին հավատավոր ժողովրդի բազմությանը Հայրապետական իր խոսքն ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «...Շուրջ 1700 տարիներ առաջ մեր առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորիչը եկեղեցի կառուցելու հորդոր եւ պատգամ ուղղեց մեր հայոց ազգին` ասելով. «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ»: 1700 տարիներ շարունակ մեր ժողովուրդը, իր Հայրապետի այս նվիրական պատգամն իր հոգում, կառուցեց եւ շենացրեց հայոց հողը, հայրենի սրբազան մեր հողը նվիրական տաճարներով ու վանքերով, եկեղեցիներով ու մատուռներով: Այդ պատգամն առավել չափերով հնչեց նաեւ մեր ժամանակներում, եւ ազնիվ բարերար հայորդիք ձեռնամուխ եղան եկեղեցաշինության աստվածահաճո նվիրական գործին:...Այսօր Աստուծո ողորմած կամքով կատարում ենք հիմնարկեքը Աբովյանի Սբ. Հովհաննես եկեղեցու, որ իր դռները պիտի բացի մեր հավատավոր զավակների առջեւ մեկ եւ կես - երկու տարուց, ուր բարեպաշտ եւ աղոթասեր հայորդիք պիտի գան իրենց աղոթքը երկինք բարձրացնելու, իրենց հոգու խաղաղությունը գտնելու, Տիրոջը փառք եւ օրհնություն վերառաքելու այն շնորհների համար, որ Աստված արժանացնում է մեր ժողովրդին»,- ասաց Վեհափառ Հայրապետը: Հայոց Հովվապետը իր գնահատանքը հայտնեց եկեղեցու բարերարին ազնիվ նախաձեռնության համար` մաղթելով նրան քաջառողջություն եւ Տիրոջ հովանավոր Աջի զորակցությունը իր բարի իրագործումներում: Նորին Սրբությունը նաեւ բարձր գնահատեց Տ. Առաքել եպս. Քարամյանի նվիրյալ ծառայությունը, ինչպես նաեւ իր գնահատանքը հայտնեց եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանին եւ շինարարներին:

Վերջում կատարվեց նաեւ մատաղի օրհնություն: