Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լատվիայի նորանշանակ դեսպանին
Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գինց Ապալսին:
Նորին Սրբությունը ողջունելով նորանշանակ դեսպանին` արդյունավետ աշխատանք մաղթեց նրան երկու ժողովուրդների հարաբերությունների սերտացման գործում: «Մեր ժողովուրդները թեեւ տարածքային առումով բավականին հեռու են, սակայն, լինելով հավատակից ժողովուրդներ եւ սնվելով քրիստոնեական մշակույթի նույն ակունքներից` ավելի են մերձենում եւ ամրանում բարեկամության մեջ»,- նշեց Վեհափառ Հայրապետը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաեւ այն մտահոգություններին, որոնք ծառացած են ոչ միայն պետության, այլեւ եկեղեցու առջեւ բարոյական արժեքների պահպանման եւ ժողովրդի մեջ տարածման հարցում:
Հանդիպման ավարտից հետո մեծարգո դեսպանն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ եւ ծանոթացավ հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային հարստություններին: