Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Դեր Զորի նահանգապետ Հուսեյն Առնասին
Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Դեր Զորի նահանգապետ Հուսեյն Առնասին:
Նորին Սրբությունը, ողջունելով նահանգապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, վերհիշեց 2001թ. իր այցը Դեր Զոր: Անդրադառնալով հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությանը` Վեհափառ Հայրապետը շնորհակալական զգացումով նշեց Սիրիայի ժողովրդի ու իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ: Նորին Սրբությունը երախտագիտությամբ ընդգծեց նաեւ, որ 1915թ. Մեծ եղեռնի տարիներին ցեղասպանությունից մազապուրծ շատ հայորդիներ իրենց ապաստանն են գտել արաբ ժողովրդի մոտ: «Թող Աստված երկնքից խաղաղություն իջեցնի ձեր աստվածասեր ժողովրդի վրա, խաղաղություն, որը խարսխված է արդարության վրա: Մենք միշտ կհիշենք մեր հանդիպումները, որոնք ոչ միայն ուրախության, այլեւ երախտագիտության զգացում են առաջացնում մեր մեջ հանդեպ Սիրիո ժողովրդի: Եկեղեցու օրհնությունը հովանի լինի ձեզ վրա եւ շնորհազարդի բարի գործերի համար: Այդ օրհնությունն անկասկած պիտի ավելի պտղաբերի եւ արդյունավորի ձեր ընթացքը», - իր խոսքում նշեց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց նաեւ Միրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին:
Մեծարգո նահանգապետն իր հերթին իր շնորհակալությունը հայտնեց ընդունելության համար: