Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց Տինգրայի Ս. Երրորդություն վերանորոգված եկեղեցին
Փետրվարի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբով Կալկաթայից մեկնեց Տինգրա` վերաօծելու Տինգրայի ի Ս. Երրորդություն վերանորոգված եկեղեցին: 1821-1823թթ. կառուցված եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվել է Կալկաթայի եւ Չինսուրայի եկեղեցական վարչության ջանքերով, ավելացվել են նոր զանգակատունն ու գմբեթը, բարեկարգվել է եկեղեցու տարածքը:
Օծման արարողության
արարողության ընթացքին Վեհափառ Հայրապետն օծեց Ս. Խորանը եւ 16 խաչերից չորսը, իսկ մնացած 12 խաչերն օծվեցին Հնդկաստանի եւ Ծայրագույն Արեւելքի Հայրապետական պատվիրակ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի ձեռամբ: Արարողությանը մասնակցում էիր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը եւ Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: Վերաօծվող եկեղեցու կնքահայրերն էին` ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը եւ Կալկաթայի եկեղեցական վարչության յոթ անդամներ` նախագահ Հայկ Սուքիասը, Սունիլ Սոբտին, Սուզան Ռուբենը, Վաչագան Թադեւոսյանը, Նարինե Սահակյանը, Միքայել Դուտտը եւ Արշամ Սուքիասը:Արարողությանը ներկա էին Կալկաթայի հայ համայնքի ներկայացուցիչներ եւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի սաները:
Եկեղեցու օծման առիթով Վեհափառ Հայրապետը եկեղեցական վարչությանը նվիրեց Սբ. Էջմիածնից տարված մի գեղեցիկ խաչքար` Ամենակալ Տիրոջից հայցելով նվիրական սրբավայրի դարավոր օրհնությունը հնդկահայ համայնքի համար:
Կեսօրին Նորին Սրբությունն այցելեց Հնդկաստանում կառուցված վերջին հայկական եկեղեցին` Կալկաթայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը (1906թ.): Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, ապա Վեհափառ Հայրապետն այցելեց եկեղեցու տարածքում գործող հայկական ծերանոց, ուր ներկայիս բնակվում է 19 տարեց: Ամենայն Հայոց Կաթողիկոսն առանձին-առանձին զրուցեց տարեցների հետ`նրանց փոխանցելով Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու Հայրապետական իր սերը: