Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Շարժայի Էմիրի հետ
Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավարտելով Հովվապետական իր այցը Հնդկաստան, մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների Բարձրագույն Խորհրդի անդամ, Շարժայի Էմիր Շեյխ Սուլթան բին Մոհամմադ ալ Քասիմիի հետ:
Շարժայի Էմիրը, ջերմորեն ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ուրախությամբ վերհիշեց տարիներ առաջ Հայաստան կատարած իր այցի մանրամասները: Հայոց Հայրապետը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր գնահատանքը հայտնեց Շեյխ Սուլթան բին Մոհամմադ ալ Քասիմիին` Արաբական Էմիրությունների հայ համայնքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի եւ ուշադրության համար` մասնավորապես ընդգծելով Նորին Գերազանցության անմիջական աջակցությունը հայերին Շարժայում հայկական եկեղեցի հիմնելու եւ կառուցելու գործում: Նորին Սրբությունը նաեւ իր երախտագիտությունը հայտնեց Շարժայի Էմիրին` Հաղարծինի պատմական վանքի վերանորոգման աշխատանքները հովանավորելու համար:
Էմիրը բարձր գնահատանքով անդրադարձավ Միջին Արեւելքում ապրող հայերին` բնութագրելով նրանց իբրեւ հասարակության հավատավոր, բարեպաշտ, արժանավոր եւ աշխատասեր անդամներ, եւ հատկապես շեշտեց գիտելիքի եւ կրթության հանդեպ սերը, որ մեծապես արժեւորվում է հայ ընտանիքներում: Շարժայի Էմիրն իր ուրախությունը հայտնեց Հաղարծինի վանական համալիրի եւ վանքի ճանապարհի նորոգման եւ բարեկարգման աշխատանքների մասին տեկանալու առիթով:
Հանդիպման ընթացքում, Ամենայն Հայոց Հայրապետը եւ Շարժայի Էմիրը խոսեցին նաեւ միջկրոնական երկխոսության կարեւորության, Արաբական Էմիրություններում այլ կրոնների եւ մշակույթների նկատմամբ ցուցաբերվող հանդուրժողականության, ինչպես նաեւ փոխադարձ սիրո եւ հարգանքի անհրաժեշտության մասին, որոնք խաղաղ եւ համերաշխ կյանքի գրավականն են:
Հանդիպմանը ներկա էին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Տ. Կտրիճ քահանա Դեւեջյանը եւ պրն. Վարուժան Ներգուզյանը: