ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՍԵՊՈՒՀ ԵՊՍ. ՉՈՒԼՋՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Ապագա ունի այն ազգը, որի երիտասարդությունը հայրենապաշտ է, հավատով` զորավոր: Երիտասարդությունը վաղվա հույսն է, ներկայի հավատավոր զինվորը: Նա իր նվիրումով ամրացնում է եկեղեցու եւ պետության հիմքերը եւ միաժամանակ իր թիկունքին զգում դրանց զորությունը:
Քանի որ երիտասարդության ճանապարհն ավելի երկար է` հավերժից մարդուն տրված իր հատվածում, բնականաբար, նա է ազգային ու հոգեւոր մշակույթի փոխանցողը: Այսօրվա եւ վաղվա միջեւ հոգեւոր կապի առկայացումը կատարում է երիտասարդությունը: Առավել եւս, որ հոգեւոր զարթոնքին` 90-ական թթ.-ին ծնված Լոռու եւ Տավուշի երիտասարդներն այսօր իրենց հետ բերում են Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի եւ հոգեւոր հայրերի սերմանած առաջին պտուղները:
Երիտասարդները եւ ուսանողները բազմիցս են հանդիպումներ, զրույցներ ու բանախոսություններ կազմակերպել թեմակալ առաջնորդի եւ հոգեւոր հայրերի հետ, ոգեշնչվել Սեպուհ սրբազանի հայրենաշունչ քարոզներից եւ քաջալերող խոսքերից: Այս անգամ, արժանին մատուցելով երիտասարդությանը եւ նրա կատարած գործին, նոյեմբերի 16-19-ը Վանաձորում, Ստեփանավանում, Գուգարքի տարածաշրջանում Երիտասարդության եւ Ուսանողության միջազգային օրվա առթիվ կազմակերպվեցին հանդիպում-սեմինարներ եւ հանդիսություններ, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանը, Լոռու մարզպետ Հ. Քոչինյանը, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գ. Խաչատրյանը, պետական այլ այրեր:
Երիտասարդության եւ Ուսանողության միջազգային օրվա առթիվ իր օրհնությունը երիտասարդներին բաշխեց Գերաշնորհ սրբազան հայրը` կարեւորելով երիտասարդության ունեցած պատասխանատու դերը հայեցի Հայաստանի կերտման ու հոգեւոր հայրենիքի կայացման գործում. «Լինել հայրենապաշտ եւ ունենալ բարոյական բարձր նկարագիր, այսօրվա կերտողը եւ վաղվա տերը լինել մեր ազգային ու հոգեւոր մշակույթի: Ահա պատասխանատու ու պատվաբեր մի առաքելություն, որ պիտի ստանձնի այսօրվա երիտասարդը»:
Հանդիպում-սեմինարի ընթացքում Սրբազան հայրը երիտասարդներին պատմեց Մայր եկեղեցու ստանձնած դերի ու առաքելության մասին, ներկայացրեց Գուգարաց թեմի պատմությունը եւ ապա կոչ արեց շարունակել զորավիգ լինել եկեղեցուն եւ համատեղ ուժերով մեր հայրենակիցներին ետ պահել ազգակործան ու ազգը ջլատող ամեն մի կրոնական հոսանքից ու աղանդից: Ապա նրանց բաժանեց «Քրիստոնեական» ուղեցույց-գրքույկը:
Հիրավի, երիտասարդությունը անգնահատելի մղիչ ուժ է, եւ երիտասարդական միություններն իրենց դինամիկ ուժով էլ ավելի մեծ զանգվածներ կգրավեն` հավաստելով իրենց խղճի ու հոգու տուրքի մասին եւ պատրաստ` կատարելու իրենց վստահված ամեն մի գործ: