ԳՀԽ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԳՀԽ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 30.09.2009

Տ. ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ, Տ. ՍԻՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԴԱՄՅԱՆ,
Տ. ԱՌԱՔԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՔԱՐԱՄՅԱՆ, Տ. ԱԲՐԱՀԱՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԿՐՏՉՅԱՆ,Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ, Տ. ՊԱՐԳԵՒ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ, Տ. ԵԶՆԻԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ,
Տ. ՍԵՊՈՒՀ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆ, Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյան,
Տ. ԱՐՇԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյան, Ակադեմիկոս Վիլեն Հակոբյան

Սույն թվականի սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողով` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ ընթացող քննարկումներին` Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ.

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գերագույն Հոգեւոր Խորհուրդը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական կապերի հաստատման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` ի խնդիր տարածաշրջանում անվտանգության ապահովման, խաղաղության պահպանման եւ համագործակցության զարգացման:

Գերագույն Հոգեւոր Խորհուրդը դրական է գնահատում գործընթացի շրջանակներում ծավալված համահայկական քննարկումները:

Թուրքիայի հետ մեր ժողովրդի պատմական դառը փորձառության, Հայոց Ցեղասպանության հարցում Թուրքիայի մերժողական քաղաքականության, Հայաստանի Հանրապետության նկատմամբ դրսեւորած անհանդուրժող կեցվածքի, ինչպես եւ` հայ-թուրքական հարաբերությունների նախաստորագրված արձանագրություններում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող բանաձեւումների եւ գործընթացի հետ կապված թուրքական կողմի հնչեցրած անընդունելի հայտարարությունների համատեքստում Գերագույն Հոգեւոր Խորհուրդը բնական եւ հասկանալի է համարում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում բնակվող հայորդիների մտահոգությունները: Այս համատեքստում Գերագույն Հոգեւոր Խորհուրդը վերահաստատում է, որ Հայոց Ցեղասպանությունը անվիճարկելի իրողություն է, ինչպես եւ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ արցախահայության ինքնորոշման իրավունքը: Մեր ժողովուրդը եւ հայրենի իշխանությունները երբեք չեն հրաժարվի հետապնդելու եւ պաշտպանելու մեր ազգային արդար իրավունքները:

Գերագույն Հոգեւոր Խորհուրդը հորդորում է ազգի բոլոր զավակներին դրսեւորել առավելագույն իրատեսություն եւ շրջահայացություն, որպեսզի խուսափենք ազգավնաս բեւեռացումներից եւ միաբանության մեջ դիմագրավենք մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները:

Գերագույն Հոգեւոր Խորհուրդը Տիրոջ զորակցությունն ու Սուրբ Հոգու առաջնորդությունն է հայցում Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որպեսզի բարեհաջող հանգրվանի առաջնորդեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` հանուն մեր ժողովրդի նվիրական ու կենսական շահերի: