ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքներն սկսեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հոլանդիայի հայոց հոգեւոր հովվության կողմից Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված եռօրյա գիտաժողովը: Այն նվիրված է Ամստերդամի «Սուրբ Էջմիածին եւ Սուրբ Սարգիս Զորավար» հայկական տպարանի հիմնադրմանը (1660 թ.) եւ գործունեությանը:
Բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: «Ամստերդամում հաստատված տպագրատունն իր ընթացքով եւ արգասիքներով հայ տպագրության տարեգրության մեջ լուսավոր եւ կարեւորագույն հանգրվաններից է: 500-ամյա հոբելյանին ընդառաջ ենք գնում ոչ միայն անցյալի կարեւոր դրվագները լոկ խոսքերով արժեքավորելով, այլեւ ստեղծագործական ու հրատարակչական նորանոր մնայուն ավանդներով»,- ասաց Տ. Ասողիկը:
Գիտաժողովի առաջին նիստը նախագահում էին Տ. Տաթեւ վարդապետ Հակոբյանը եւ Ռենե Բեքյուն, որի ընթացքում լսվեցին Տ. Ներսես ավագ քահանա Ներսիսյանի` «Ինչպես տոնել հայկական տպագրության 500-ամյա հոբելյանը. Թովմաս եւ Ղուկաս Վանանդեցիների ավանդը», Ազատ Բոզոյանի` «Ամստերդամյան տպագրության առաջին փուլը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը», Էլիզ Թաջիրյանի` «Սուրբ Էջմիածին եւ Սուրբ Սարգիս Զորավար տպարանը. տիպաբանական վերլուծություն», Տիգրան Զարգարյանի` «Հայ հնատիպ գրքի պահպանությունը թվայնացման օգնությամբ Ամստերդամի հրատարակությունների օրինակով», Գրիգոր Բրուտյանի` «Տոմարական գրականությունն Ամստերդամի տպագրություններում» զեկույցները:
Երկրորդ նիստում` նախագահությամբ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի եւ Ազատ Բոզոյանի, լսվեցին հետեւյալ զեկույցները. Դավիթ Ղազարյան` «Ոսկանյան տպարանը եւ հայերեն հնատիպ հմայիլները», Վարդան Դեւրիկյան` «Գանձերի եւ չափածո մյուս ստեղծագործությունների ամստերդամյան հրատարակությունները», Տ. Տաթեւ վարդապետ Հակոբյան` «Մաշտոցի` Ոսկան Երեւանցու հրատարակությունը»:
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի հոկտեմբերի 8-ին եւ 9-ին:
Գիտաժողովին մասնակցում են Մայր Աթոռի միաբաններ, ինչպես նաեւ Հայաստանի եւ արտերկրի տարբեր գիտակրթական հաստատությունների 18 գիտնականներ: