Բրիտանական Գրադարանի Քրիստոնյա Արեւելք բաժանմունքի ղեկավար Դր. Տ. Ներսես ավ. քհն. Ներսեսյանի դասախոսությունների շարքը Մարդասիրական ճեմարանում

Նոյեմբերի 14-15-ը Հայոց Մարդասիրական ճեմարանի 185-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Ս. Պատարագի մեկնությունը» եւ «Հայոց Եկեղեցու տոները` ըստ հայկական մանրանկարչության» թեմաներով դասախոսությունների շարքով հանդես եկավ Մարդասիրական ճեմարանի նախկին սան, Բրիտանական Գրադարանի Քրիստոնյա Արեւելք բաժանմունքի ղեկավար Դր. Տ. Ներսես ավ. քհն. Ներսեսյանը, որոնք ուղեկցվում էին թեմային առնչվող սահիկների ցուցադրմամբ:

Դասախոսություններից առաջ ճեմարանի կառավարիչ Տ. Օշական վրդ. Գյուլգյուլյանը ճեմարանականներին եւ ուսուցիչներին ներկայացրեց Տեր Հոր կենսագրությունը եւ նրա գիտական գործունեության ամփոփ բնութագիրը` նշելով, որ Տեր Ներսեսն իր գործունեության ընթացքում ամեն ինչ արել է` հատկապես օտարներին ճանաչեցնել տալով մեր հարուստ մշակութային ժառանգությունը: Նա նաեւ հորդորեց ճեմարանականներին իրենց աչքի առաջ ունենալու Տեր Հոր վարակիչ օրինակը, ով չնայած իր բազմազբաղվածությանը, երբեք չի մոռացել Մարդասիրական ճեմարանի մասին, եւ այսօր` այս դասախոսությունների շարքի միջոցով, մի տեսակ նախկին ճեմարանականի իր պարտքն է տալիս իր հարազատ կրթօջախին:

Դասախոսությունների ընթացքում Տեր Հայրը պատկերների օգնությամբ մատչելիորեն բացատրեց Հայոց Եկեղեցում գործածվող Ս. Պատարագի խորհուրդը, ինչպես նաեւ եկեղեցական տոները` ըստ հայկական մանրանկարների: Վերջում իրենց շնորհակալական խոսքն ասացին կառավարիչ Հայր Սուրբն ու ճեմարանի տնօրեն Տիար Ջեյմս Դայասը:

Տեր Հայրը Վերջում պատասխանեց նաեւ ներկաների բազմաթիվ հարցերի: