Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը

Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը 20.06.2015
Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը

     Հունիսի 20-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Բուլղարիայի հայոց թեմում` Վառնա քաղաքի Ս. Սարգիս եկեղեցում, տեղի ունեցավ թեմակալ առաջնորդի ընտրությունը:
     Վեհափառ Հայրապետի հանձնարարությամբ ընտրությանը ներկա Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի, ինչպես նաև թեմական-պատգամավորական ժողովի դիվանի տեղեկացմամբ, ժողովի 52 անդամներից ներկա գտնվող 48 պատգամավորները Մայր Աթոռի միաբանների եռանուն ցանկից (Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյան, Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյան, Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան) Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ են ընտրել Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանին:
     Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությունն ստանալուց հետո Բուլղարիայի հայոց թեմի նորընտիր առաջնորդն կստանձնի իր առաջնորդական պարտականությունները:

Տ. Իսահակ վարդապետ Պողոսյան
(կենսագրություն)

     Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը ծնվել է 1978 թ. նոյեմբերի 20-ին մայրաքաղաք Երևանում:
1996-2002 թթ. սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սևանի Վազգենյան Դպրանոցն ու Գևորգյան Հոգևոր Ճեմարանը:
     2002 թ. դեկտ. 25-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ:
     2002 թ.-ից որպես օգնական-քարտուղար աշխատանքի է անցել Մայր Աթոռի Տնտեսական բաժնում:
     2003 թ. ծառայության է նշանակվել Մայր Աթոռի մատակարարման բաժնում:
     2005 թ. փետրվարի 3-ին` Ս. Վարդանանց տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ձեռամբ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի Ս. Էջմիածնի Մայր տաճարում ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
     2006 թ. իր ծառայությունն իրականացրել է Մայր Աթոռի Մատակարարման բաժնի տնօրենի պաշտոնակատարի հանգամանքում:
     2007-2008 թթ. Հունաստանի Աթենք քաղաքում մասնակցել է լեզվի դասընթացների:
     2009 թ. նշանակվել է Վեհարանի հյուրընկալ, իսկ 2010-2013 թթ. Մայր Աթոռի մաքսային լիազոր:
     2010 թ. պաշտպանել է` «Վարագա Սուրբ Նշանը և վանքը հայ մատենագրության մեջ» խորագրով վարդապետական թեզը, և ձեռամբ Գերաշնորհ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանի ստացել մասնավոր վարդապետության աստիճան:
     2011 թ. Մայր Աթոռի Գևորգյան Ճեմարանում ծառայության է անցել` որպես տնտեսական և կարգապահական գծով պատասխանատու:
     2011-2012 թթ. Կանադայի Տորոնտո քաղաքում ուսանել է անգլերեն և Նոր Կտակարանի ներածություն:
     2014-2015 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան համալսարանում:
     2014 թ-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրենն է:
Հայր Սուրբը մի քանի գրքերի հեղինակ է: