Բուլղարիայի դեսպանը հրաժեշտ տվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Դեկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտած Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիմիտրովին:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման եւ երկու պետությունների միջեւ առկա սերտ համագործակցության առիթով, անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական ընդհանրություններին:
Վեհափառ Հայրապետն ի դեմս դեսպանի իր շնորհակալությունը հայտնեց նաեւ Բուլղար Ուղղափառ Եկեղեցու պետ Մաքսիմ Պատրիարքին եւ Եկեղեցու սինոդին 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար` նկատելով, որ ցեղասպանության ճանաչմամբ եւ դատապարտմամբ է միայն հնարավոր կանխել այլ ցեղասպանությունները մարդկության կյանքում:
Հրաժեշտ տալով պրն. Դիմիտրովին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքներն ուղղեց դեսպանին: