«Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտական առաքելության և «Խաղաղության գավաթ» -ի ներկայացուցիչների այցը Մայր Աթոռ
Հունիսի 14-ին «Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտական առաքելության և «Խաղաղության գավաթ» նախաձեռնության Լատվիայի և Էստոնիայի ներկայացուցիչներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր նրանց ընդունեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը
Հանդիպմանը «Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտական առաքելության ղեկավար Միլիս Կուբիցը, «Խաղաղության գավաթ» նախաձեռնության նախագահ Յուրի Կայդան և Ռիգայի ու Տալինի հոգևոր հովիվ Տ. Խոսրով քահանա Ստեփանյանը ներկայացրեցին առաքելության նպատակը, որ է` աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանի մշակութային, պատմական և հոգևոր արժեքների վրա և բարեկամական ձեռք մեկնել հայ ժողովրդին: Տեղեկացվեց, որ ծրագրի շրջանակներում հունիսի 11-16-ը աշխարհի տարբեր երկրներից Հայաստան են այցելել շուրջ 600 հասարակական և մշակութային գործիչներ:
Այնուհետև պատվիրակության այցը հայոց հոգևոր կենտրոն ողջունեց Արշակ Սրբազանը` ներկաներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գնահատանքը խաղաղարարական իրենց կարևոր առաքելության իրականացման համար: Սրբազան Հայրը հույս հայտնեց, որ նախաձեռնությունն իր խորհրդի մեջ անարձագանք չի մնա և կնպաստի մարդկային հարաբերությունների մեջ խաղաղության և համերաշխության ամրապնդմանը: Մայր Աթոռի դիվանապետը մեծապես կարևորեց Եկեղեցու` որպես խաղաղության քարոզչության առաջին ջահակրի դերակատարությունն այս նվիրական առաքելության իրականացման ճանապարհին:
Վերջում տիարք Կուբիցը և Կայդան, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ցուցաբերված զորակցության համար, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին փոխանցեցին «Խաղաղության գավաթ»-ի հարթաքանդակը:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Դիվանատան Եկեղեցի-հասարակություն բաժնի պատասխանատու Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը: