Բոզե վանքում կայացավ «Երանի խաղաղարարներին» միջազգային էկումենիկ 22-րդ համագումարը

Բոզե վանքում կայացավ «Երանի խաղաղարարներին» միջազգային էկումենիկ 22-րդ համագումարը 09.09.2014
Կայացավ «Երանի խաղաղարարներին» միջազգային էկումենիկ 22-րդ համագումարը

     Սեպտեմբերի 2-7-ը Իտալիայի Բոզե վանքում տեղի ունեցավ միջազգային էկումենիկ 22-րդ համագումարը` «Երանի խաղաղարարներին» խորագրով, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին ներկայացնում էր Կաթողիկոսական գրասենյակի գործավար Տ. Ադամ քահանա Մակարյանը: Էկումենիկ ժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Ուղղափառ, Կաթոլիկ, Ղպտի, ինչպես նաև բողոքական եկեղեցիներից:
     Համագումարի ընթացքում Տ. Ադամ քահանան զեկույց ներկայացրեց Հայ Եկեղեցու մեծագույն հոգևորականներից Ներսես Լամբրոնացու վերաբերյալ` «Ներսես Լամբրոնացու ուսմունքը խաղաղության մասին» վերնագրով: Բանախոսություններից զատ եղան նաև լայն քննարկումներ միջեկեղեցական հարաբերությունների արդյունավորման, Եկեղեցիների միությանն ուղղված աշխատանքների, աշխարհում խաղաղության վերհաստատման գործում Քրիստոսի Եկեղեցու դերակատարության վերաբերյալ:
     Միջազգային էկումենիկ ժողովին Հայ Եկեղեցու ներկայացուցիչը համագումարի կազմակերպիչներին և մասնակիցներին փոխանցեց Ամենայն Հայոց Հայրապետի ողջույնի և օրհնության խոսքը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷԿՈՒՄԵՆԻԿ 22-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԱՌԻԹՈՎ


     Սիրելիներ,
     Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Միջազգային Էկումենիկ 22-րդ համագումարի կազմակերպիչներին ու մասնակիցներիդ:
     Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Քույր Եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությամբ ամենամյա Միջազգային Էկումենիկ համագումարը առիթ է ընծայում վերարժևորելու Քրիստոսի Եկեղեցու Սուրբ Հայրերի, նշանավոր եկեղեցական հեղինակների ժառանգությունը, ինչպես նաև խթանելու մարդկության կյանքում Ավետարանի լույս պատգամների քարոզչության ու տարածման կարևոր առաքելությունը:
     Այս տարի համագումարի խորագիրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի նշանակալի խոսքն է` «Երանի խաղաղարարներին», որը հակամարտություններով, պատերազմական գործողություններով խռովված աշխարհում աստվածային կանչ ու հրավեր է դեպի խաղաղության հանգրվան, ողջ մարդկության բարօր կյանքի հաստատման:   Մարդն այս աշխարհի տարատեսակ փորձություններում, միջանձնային հարաբերություններում, նաև հասարակական կյանքի ընթացքներում վեր հառնող խնդիրների ու մարտահրավերների մեջ տենչում է տերունաշնորհ խաղաղություն, որի ճանապարհը մեր առջև բացվում է Բաձրյալն Աստծո հետ աղոթական միավորությամբ, Նրա հայրական կենարար պատվիրանների իրագործումով:
     Այսօր մարդկությունը հասել է արդիական տեխնոլոգիաների զարգացման, տեղեկատվության արագ տարածման, տեղաշարժման մեծ արագության բարձրագույն նվաճումների, սակայն հաճախ ձախողվել է Քրիստոսապատվեր սիրո, աստվածային խոսքի գերակայության, համերաշխ գործակցության ու փոխըմբռնման հաստատման ընթացքներում: Սոսկ նյութական ձեռքբերումները երաշխավոր չեն մարդու հոգևոր առաջընթացի ու կատարելության և այնքան փափագելի խաղաղության հաստատման համար: Սուրբ Եկեղեցին մշտապես մաղթում է` «խաղաղություն ամենեցուն» և բաշխում երկնապարգև շնորհները, որպեսզի վերափոխվեն ու պայծառակերպվեն մարդիկ, լինեն Աստծո ժողովուրդը, քանզի ինչպես ասում է սաղմոսերգուն, «Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղություն պարգևելով» (Սաղմ. 28.11):
     Աղոթում ենք առ Երկնավոր մեր Տերը, որ խաղաղությունը վերահաստատվի համայն աշխարհում, ի մասնավորի պատերազմական իրադարձությունների արհավիրքներն ու նեղությունները կրող Մերձավոր Արևելքում, Սիրիայում, Ուկրաինայում: Հայցում ենք, որ Ամենողորմն Աստված բարօրություն ու նորոգ առաջընթաց պարգևի մարդկությանը` մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատգամների կատարմամբ, աստվածահաճո կյանքի ու գործոց բարի ընթացքներով:
Թող Տերը Սուրբ Հոգու շնորհներով զորացնի ձեզ, Իր զորակցությամբ նորանոր հաջողություններ պարգևի ամենքիդ և բեղուն արդյունքներով արգասավորի այս ժողովում ձեր միասնական աշխատանքները:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն: