Բնապահպանական նոր ծրագիր Սեւանի Վազգենյան դպրանոցում
Բացվեց արեւային ջրատաքացուցիչներով տաք ջրամատակարարման համակարգը
Հունիսի 24-ին Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացվեց արեւային ջրատաքացուցիչներով տաք ջրամատակարարման համակարգը: Բացման արարողությանը ներկա էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրից ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրկ Բոբերգը, ԵՀԽ Հայաստանյան Միջեկեղեցական Բարեգործական Կլոր Սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը, Մայր Աթոռի միաբաններ եւ ուսանողներ:
Դպրանոցի տարածքում տեղադրված 60 ք.մ. ընդհանուր մակերեսով արեւային ջրատաքացուցիչ կոլեկտորների համակարգի միջոցով ապահովվեցին Սեւանի Վազգենյան դպրանոցի տաք ջրամատակարարման կարիքները: Համակարգի գործարկումը հնարավորություն կընձեռի տարեկան ստանալ 1500 խ.մ., մոտավորապես 45C ջերմաստիճանի ջուր:
Դեռեւս 2008թ. ՀՀ Բնաապահպանության նախարարության եւ ՄԱԶԾ/ԳԷՖ-ի կողմից իրականացվող «Հայաստան. քաղաքային ջեռուցման եւ տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում» ծրագրի եւ Կլոր Սեղան հիմնադրամի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվեցին համակարգի նախագծման եւ տնտեսական գնահատման աշխատանքները: Համակարգի տեղադրման աշխատանքները կատարել է «ՍոլարԷն» մասնագիտացված ընկերությունը:
Արարողությունը բացվեց դպրանոցի տեսուչ Տ. Գեւորգ աբեղա Սարոյանի ողջույնի խոսքով, ով ներկայացրեց դպրանոցի «Կանաչ Աստվածաբանություն» ծրագիրը, որի մասն է կազմում նաեւ այս ծրագիրը: Ապա արեւային ջրատաքացուցիչների համակարգի կարեւորությանն անդրադարձան ՀՀ Բանապահպանության փոխնախարարը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալը եւ Կլոր Սեղան հիմնադրամի տնօրենը:
Վերջում, մինչ ժապավենը կհատվեր պրն. Դիրկ Բոբերգի եւ Կարեն Նազարյանի կողմից, ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն իր մասնավոր գնահատանքը հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր նպաստել են կարեւոր այս ծրագրի իրականացմանը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ ողջունեց «Կանաչ Աստվածաբանություն» ծրագիրը, որը մեծ նշանակություն ունի ապագա հոգեւոր հովիվների կրթության համար, քանի որ սովորեցնում է մարդուն հոգատար լինել Աստծո արարչագործության եւ ի մասնավորի բնության հանդեպ: Նորին Սրբությունը նկատեց, որ արեւային, էկոլոգիապես մաքուր էներգիայի օգտագործման այս ծրագիրը խանդավառող օրինակ կարող է ծառայել այլ կառույցներին եւ կազմակերպություններին` բնապահպանական տեսակետից նախընտրելի եւ մաքուր տեխնոլոգիայի տարածման համար: Արարողությունից հետո իրենց կատարումներով հանդես եկան դպրանոցի սաները:
Վերջին տարիներին Վազգենյան դպրանոցը, աջակցությամբ Կլոր Սեղան հիմնադրամի, լրջորեն զբաղվում է բնապահպանական խնդիրներով: 2006թ. կազմակերպվեցին կլիմայի փոփոխության եւ բնապահպանության արդի խնդիրներին նվիրված ամառային դասընթացներ: Այնուհետեւ ԵՊՀ եւ Վազգենյան դպրանոցի դասախոսները մշակեցին «Կանաչ աստվածաբանություն» հատուկ դասախոսությունների շարք եւ հրատարակեցին դասագիրք: Դպրանոցում պարբերաբար դասախոսում են նաեւ Հայաստանի եւ արտերկրի ճանաչված բնապահպաններ: