Բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Շողակաթ» հեռուստաընկերության նոր մասնաշենքը
Սեպտեմբերի 26-ին, Երեւանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ «Շողակաթ» հեռուստաընկերության նոր մասնաշենքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Նոր շենքը վերանորոգվել եւ բարեզարդվել է ազգային բարերարներ տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյանների հովանավորությամբ:
Հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը` անդրադառնալով «Շողակաթ» հեռուստաընկերության անցած ուղուն, նպատակներին եւ ապագա ծրագրերին: Տեր Հայրն ուրախությամբ արձանագրեց, որ «Շողակաթի» բազում հոգեւոր ծրագրեր արդեն իսկ սիրվել են մեր ժողովրդի կողմից եւ ընդգծեց Հայ Եկեղեցու քարոզչության գործում ժամանակակից տեխնիկական միջոցների օգտագործման կարեւորությունը:
Այնուհետեւ Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց նոր շենքի օրհնության կարգ, որից հետո Նորին Սրբությունն իր պատգամն ուղղեց ներկաներին: Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` շենքի ձեռքբերման գործում իր աջակցության համար, տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյաններին, շինարարներին եւ «Շողակաթ» հեռուստաընկերության աշխատակիցներին` հույս հայտնելով, որ վերանորոգված այս շինության շնորհիվ «Շողակաթ» հեռուստաալիքն իր հաղորդումներով ու ծրագրերով միշտ սպասված ու սիրելի կլինի յուրաքանչյուր ընտանիքում:
«Գոհունակություն է Հայրապետիս համար հաստատել, որ «Շողակաթ» հեռուստաընկերությունը շուրջ մեկ տասնամյակ իր գովելի ներդրումն է բերում մեր զավակաց քրիստոնեական դաստիարակությանը, հոգեւոր, ազգային ու մշակութային կյանքի զորացմանը: Հեռուստաընկերության հաղորդումները մասամբ հասանելի են նաեւ Սփյուռքի մեր զավակներին Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքի միջոցով: Հեռուստաընկերության աշխատակիցները տարիների ընթացքին լուսաբանել ու մատչելիորեն ներկայացրել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությունը, սրբազան ծեսը, տոներն ու խորհուրդները, մեր հոգեւոր մշակույթն ու հայրենավանդ արժեքները: Մեծ է «Շողակաթ» հեռուստաընկերության ծառայությունը մեր Եկեղեցու զավակաց սրտերում քրիստոնեական մեր սուրբ հավատքի զորացմանը եւ հոգեւոր գիտելիքների ձեռքբերմանն ի նպաստ: Առավել կարեւորվում է հեռուստաընկերության գործունեությունը, երբ մեր Եկեղեցին տակավին զգում է անհրաժեշտությունը բավարար թվով հոգեւորականների»,-նշեց Հայոց Հայրապետը:
Ներկաներին իր սրտի խոսքն ուղղեց նաեւ ազգային բարերար տիար Վաչե Մանուկյանը: Նա ընդգծեց Հայ Եկեղեցու քարոզչության անհրաժեշտությունը յուրաքանչյուր հայ մարդու համար եւ հույս հայտնեց, որ հաջորդ տարի Վեհափառ Հայրապետի օրհնությամբ «Շողակաթ» հեռուստաընկերության հաղորդումները կսփռվեն նաեւ արբանյակային կապով` հնարավորություն ընձեռելով աշխարհասփյուռ հայությանը հաղորդ դառնալու Հայ Եկեղեցու եւ մեր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Վաչե Մանուկյանը շեշտեց, որ քրիստոնեական դաստիարակությունը հատկապես կարեւոր է մեր մատաղ սերնդի համար, ուստի իրենք ուրախ են, որ մասնակից են Մայր Աթոռի հովանու ներքո գործող հեռուստաընկերության աջակցմանը:
Այնուհետեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Վաչե Մանուկյանը հանդիսավոր կերպով կտրեցին մուտքի կարմիր ժապավենը: Ներկաները շրջեցին հեռուստաընկերության շենքում, ծանոթացան նոր շենքի պայմաններին եւ հնարավորություններին:
Հանդիսությանը մասնակցում էին բարձրաստիճան պետական այրեր, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ազգային բարերարներ, Մյուռոնօրհնության առիթով Ս. Էջմիածին ժամանած քույր եկեղեցիների ներկայացուցիչներ եւ բազմաթիվ հյուրեր: