«Բանտերի միջազգային ընկերակցության» ժողովը Տորոնտոյում

Հուլիսի 4-7-ը Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի կունենա «Բանտերի միջազգային ընկերակցության» ժողովը, որին կմասնակցեն 110 երկրներից շուրջ 1000 ներկայացուցիչներ: Բացի քրիստոնեական եկեղեցիներից կոնֆերանսին կմասնակցեն նաեւ այլ կրոնների ներկայացուցիչներ, այդ թվում` բուդդայականներ եւ մուսուլմաններ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Եկեղեցուց ժողովին կմասնակցի Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյանը: Կոնֆերանսին իրենց մասնակցությունը կբերեն նաեւ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակիցներ:

Ժողովի ընթացքում Հայր Սուրբը ներկաներին կփոխանցի Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաեւ կբանախոսի` ներկայացնելով Հայոց Եկեղեցու գործունեությունը քրեակատարողական հիմնարկներում:

Կոնֆերանսի ընթացքում կլսվեն զանազան զեկուցումներ եւ տեղի կունենան աշխատանքային քննարկումներ, որոնց նպատակն է ծանոթանալ տարբեր եկեղեցիների եւ կազմակերպությունների փորձառությանը բանտարկյալների հետ աշխատանքներում` դրանք ավելի օգտակար եւ արդյունավետ դարձնելու համար: