Արցախի Գիշի գյուղը եւս իր եկեղեցին կունենա
Ապրիլի 29-ին Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, կատարվեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնարկեքը:
Եկեղեցին կառուցվում է արմատներով գիշեցի, ռուսաստանաբնակ գործարար Կարեն Բաղրյանի նախաձեռնությամբ եւ բարերարությամբ: Ճարտարապետական նախագծի հեղինակը Վալերի Հայրապետյանն է:
Արցախի թեմի հոգեւոր սպասավորները Պարգեւ Սրբազանի հանդիսապետությամբ նախ գինով ու ջրով լվացին և ապա սրբալույս մյուռոնով օծեցին Քրիստոսի առաքյալների, չորս ավետարանիչների եւ Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով հիմնաքարերը, որից հետո դրանք տեղադրվեցին նոր կառուցվելիք եկեղեցու հիմքում եւ կատարվեց օրհնության կարգ: Բարերարի ձեռքով եկեղեցու հիմքում տեղադրվեց նաեւ եկեղեցու շինարարության արձանագրությունը:
Հավարտ արարողության Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շնորհավորեց գիշեցիներին` մոտ ապագայում սեփական գործող եկեղեցին ունենալու առիթով: Արցախի թեմի առաջնորդը գոհունակությամբ կարեւորեց այն փաստը, որ արմատներով արցախցի աշխարհասփյուռ հայորդիները չեն մոռանում իրենց հարազատ երկիրը եւ տարբեր կերպերով աջակցում են սեփական ժողովրդի ու Եկեղեցու կենսական խնդիրների լուծմանը:
Հիմնարկեքի արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, շրջանային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ: