«Արարատի ստորոտին» մեդիաֆորումի մասնակիցները Մայր Աթոռում

 «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի մասնակիցները Մայր Աթոռում 20.03.2015
«Արարատի ստորոտին» մեդիաֆորումի մասնակիցները Մայր Աթոռում


     Մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Արարատի ստորոտին» խորագիրը կրող միջազգային մեդիա համաժողովի մասնակիցներին:
Ողջունելով տարբեր երկրներից Հայաստան ժամանած լրագրողներին` Վեհափառ Հայրապետը վստահությամբ նշեց, որ համաժողովն առիթ կտա յուրաքանչյուրին անդրադարձ կատարելու 20-րդ դարասկզբին մարդկության դեմ իրագործված մեծագույն ոճրին` Հայոց ցեղասպանությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ շնորհիվ   Եղեռնի տարիներին լրատվամիջոցների աշխատանքի Թուրքիայում իրագործվող ցեղասպանությունը լայն արձագանք գտավ միջազգային հանրության մոտ, նաև մեծ աջակցություն ապահովվեց ցեղասպանությունը վերապրած հայորդիների համար: Այս առիթով Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց բոլոր այն զանգվածային լրատվամիջոցներին, որոնք այսօր էլ հետևողական լուսաբանություններով իրենց ձայնն են բարձրացնում հանուն ոճրագործություններից, ահաբեկչություններից և ցեղասպանություններից զերծ արդար, խաղաղ և բարօր աշխարհի:
     Խոսելով տարբեր երկրների և ժողովուրդների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ աշխարհն ի վերջո կդատապարտի այդ իրողությունը, քանի որ Մեծ Եղեռնի նկատմամբ անտարբերությունը կամ մերժողականությունը ծնում է նորանոր այդպիսի ոճիրներ:
     Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կազմակերպվելիք Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը և սեպտեմբերի 27-ին տեղի ունենալիք Մյուռոնօրհնության արարողությանը: Այս կապակցությամբ Հայոց Հայրապետը տեղեկացրեց, որ Մայր Աթոռի հրավերին ընդառաջ ապրիլի 22-24-ի արարողություններին կմասնակցեն տարբեր Եկեղեցիների, միջեկեղեցական և էկումենիկ կառույցների, տարբեր կրոնների ու միջկրոնական կազմակերպությունների շուրջ 80 ներկայացուցիչներ և 38 պատվիրակություններ: Նորին Սրբությունն շեշտեց նաև, որ այս համախմբումն առիթ կլինի կրոնական գործիչների համար վերստին դատապարտելու նման ոճրագործությունների կրկնությունը մարդկային կյանքում:
     Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Ցեղասպանության տարիներին Հայ Եկեղեցու կրած կորուստներին, Սրբադասման արարողության մանրամասներին, Թուրքիայում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ներկայիս վիճակին և եկեղեցապատկան կալվածքների վերադարձման խնդրին: