Ավստրիացի ուխտավորների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց մի խումբ ավստրիացի ուխտավորների՝ գլխավորությամբ ավստրիական «Ֆուրխե» քրիստոնեական շաբաթաթերթի հիմնադիր և հրատարակիչ պրոֆեսոր Հայնց Նուսբաումերի:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ուխտավորներին՝ ընդգծելով, որ նման ուխտագնացությունները սքանչելի առիթ են ճանաչելու քրիստոնեական այլ երկրներն ու Եկեղեցիները, ինչպես նաև զորացնելու քրիստոնեական եղբայրական հարաբերություններն ու փոխհամագործակցությունը: Նորին Սրբությունը ուխտավորներին ծանոթացրեց նաև Հայ Եկեղեցու պատմությանն ու դարավոր հոգևոր փորձառությանը, ներկայացրեց Մայր Աթոռի ներկայիս գործունեությունը կրթական, սոցիալական և քարոզչական ոլորտներում: Միաժամանակ Վեհափառն անդրադարձավ Հայ Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին:
Իր խոսքում Նորին Սրբությունը նշեց նաև, որ առանձնակի քաղցրությամբ է հիշում Ավստրիան և նրա բարեսեր ժողովուրդին, իր հոգում կրում է այնտեղ իր ապրած և ուսանած, ինչպես նաև հովվական ծառայության տարիների ազդեցությունը:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու մասնակցությանը կրոնական, միջեկեղեցական ու էկումենիկ երկխոսություններին: