Ավետման տոնը նշվեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Ապրիլի 7-ին ՀՀ Արդարադատության «Աբովյան» Քրեակատարողական հիմնարկում անցկացվեց միջոցառում` նվիրված մայրության եւ գեղեցկության տոնին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ միջոցառումը կազմակերպվել էր Քրեակատարողական հիմնարկների հոգեւոր ծառայության պատասխանատու Արամ սարկավագ Սիմոնյանի եւ Նոր Նորքի Հայորդյաց տան սաների կողմից:

Հանդիսությունը բացվեց տերունական աղոթքով, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանն ընթերցեց Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորական ուղերձը Ավետման տոնի առիթով:

Այնուհետեւ ժողովրդական պարային համարներով, ազգագրական երգերով եւ կրկեսային առանձին ներկայացումներով հանդես եկան Նոր Նորքի Հայորդյաց տան սաները:

Միջոցառման ավարտին ներկաներին իր օրհնության խոսքը բերեց Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը` հորդորելով կանանց մշտապես վառ պահել եւ իրենց կյանքում իբրեւ օրինակ ունենալ Սուրբ Աստվածածնին:

Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Քրեակատարողական հիմնարկների վարչության պաշտոնյաններ: