Ավարտվեց Միաբանական հավաքը
Հունիսի 5-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական հավաքի մասնակիցները մեկնեցին Խոր Վիրապի վանք, ուր ներկա գտնվեցին Ս. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից ելնելու տոնի առիթով մատուցվող Սուրբ Պատարագին: Պատարագիչն էր Խոր Վիրապի վանահայր Տ. Նարեկ աբեղա Ավագյանը: Տոնի առիթով Խոր Վիրապ էր բերվել նաեւ Մայր Աթոռում պահվող` Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքը:
Նույն օրը Վեհարանում տեղի ունեցավ Մայր Աթոռի միաբանական 5-րդ հավաքի փակման արարողությունը` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Փակման արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հավաքի արդյունքների մասին ամփոփիչ խոսքով հանդես եկան հավաքի ատենապետ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը եւ փոխատենապետ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը: Ապա կազմակերպչական հանձնախմբի անդամ Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանն ընթերցեց հավաքի ատենագրությունը:
Վերջում տարբեր թեմերից Մայր Աթոռում ժողովված միաբան հայրերին իր օրհնությունն ու գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց հավաքի կայացման առիթով, որի շնորհիվ միաբանները հանրավորություն ունեցան հավաքվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նորոգելու իրենց ուխտը եւ եղբայրական ջերմ մթնոլորտի մեջ միասնաբար արծարծելու Առաքելական Մայր Եկեղեցուն եւ ազգին հուզող խնդիրները: «Մենք կարեւորում ենք նմանատիպ հավաքները` իբրեւ միջոց զորացնելու եղբայրական ջերմ հարաբերությունները, քննարկելու եւ լուծումներ առաջարկելու առկա խնդիրների վերաբերյալ», - նշեց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբությունն առանձնակի ուրախություն հայտնեց նաեւ հավաքին Հայոց Եկեղեցու Նվիրապետական մյուս Աթոռների ներկայացուցիչների մասնակցության համար:
Միաբանական հավաքը կատարեց նաեւ միաբանական համագումարի կազմակերպիչ նոր հանձնախմբի ընտրություն, որը եւ վավերացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:
Նոր դիվանի կազմում ընդգրկվեցին Տ. Նարեկ վրդ. Բերբերյան - Սբ. Դավիթ հայոց եկեղեցու հովիվ, Բոքա Ռատոն, Ֆլորիդա, ԱՄՆ; Տ. Ներսեհ աբղ. Խալաթյան - Մայր Աթոռի թանգարանների փոխտնօրեն; Տ. Մուշեղ աբղ. Բաբայան - Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն; Տ. Ռուբեն աբղ. Զարգարյան - Մայր Աթոռի հրատարակչական գրասենյակի պատասխանատու; Տ. Մաղաքիա աբղ. Ամիրյան - Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ավագ վերակացու